Քաղ.ինքնասպանության հաջող փորձ արած ԱԺ մեծամասնությունն այս ճամփով հայոց պատմության մեջ գրեց, որ ինքն ընդամենը հայոց մի ռուդիմենտ էր, որ փափագում էր ատավիզմ դառնալ, բայց ժողովուրդը դրա դեմն առավ:
Այսինքն՝ ԱԺ մեծամասնությունն այս ճանապարհով խոստովանեց, որ՝
-կույրաղիքի մի որդանման ելուստ էր. փորձեց ինքն իրեն կարգել հիպոֆիզ, սակայն գիշերով ժողովրդի կողմից ենթարկվեց շտապ վիրահատության, թեթև հպումով հատվեց, դեն նետվեց,
-«պիթեկի» պոչն էր՝ անցած «անթրոպին», որ պուչուկ դարձած, հիմա ուզում էր նորից երկարել, նորից պոչ դառնալ, բայց ժողովուրդը հիշեցրեց դրան իր գտնվելու և՛ տեղը, և՛ սահմանը,
-տարիների աղտն իր մեջ պարտակած ճկույթի չկտրած եղունգն էր, որը չէր ուզում ոչ լվացվել ու ոչ էլ կտրվել. ժողովուրդն էդ սև եղունգը քաշեց,
-աղ-ը միջից սղված «քաղաքական» մի անդուր սուբստանց էր, որ վախենում էր ընտրություններից. ժողովուրդն էլ դրան իր անվամբ կոչեց…

Հա՛, ժողովուրդն է երկրի աղը: Աղ-ը միջից սղվեց, աղ-ը դուրս եկավ՝ քաղաքական ուժը դառնում է էսպես ջրից թեթև սուբստանց: Իսկ թե ավելի՛ մանրամասն, ապա փոքր-ինչ հեռվից գամ:
Մի լաչառ տղա, ակտիվ լաց դրած, մի քանի ուրիշ լաչառ էլ էդպես գլխին հավաքած, իր արևին իր սև գործը արեց, «վեհ» ճակատից կաթող պաղ քրտինքը սրբեց, ու շտապ, պո՜ւկ թռավ դեպի վեհաժողով, որ համ ազգի բախտի հարցերը լուծի, այսինքն՝ էդ բախտի հետ հիմա էլ դրսում իր խաղը խաղա, համ էլ, հոգնեց տղան. մի քիչ «պտտվի»՝ երկրի շռայլ բյուջեի հաշվին, որն, իներցիայով, դեռ շարունակում է միջոց հատկացնել անգամ սեփական իրենց գործն ունեցող պատմության «պանել» այս ելածներին: Բայց թռչելիս մի բան տղան հաշվի չառավ. վերջը գալո՞ւ է էդ վեհաժողովից: Հետ եկավ, նորից ինքն իր «պանելն» է ախր ելնելու, չելավ՝ հանելո՛ւ են:
Հայ ժողովուրդը պարզ հայտարարեց, որ նա, ում դիմաց իրո՛ք խաղ չկա, սոսկ ինքն է, որ կա:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ