Դուրսպրծուկը վտանգավոր ցեղատեսակ է:
Քաղաքական դուրսպրծուկն՝ էլ ավելի:
Դուրսպրծուկն այն հնակարկատն է, որը վարպետ կոշկակարների համքարությունում պատահաբար տեղ է գտնում, խարդավանքով վարպետներից շատերին դուրս է մղում և ամենուր ներկայացնում է համքարությունը:
Ի դեպ՝ հնակարկատը մի այլ անուն էլ ունի՝ փինաչի:

Դուրսպրծուկներն ամենուր են:
Դրանք և՛ կերպարվեստում են, և՛ թատրոնում, և՛ անասնաբուժարանում են և՛, չզարմանաք, վիրահատարանում:
Մարզաշխարհում դուրսպրծուկը արագ դուրս է մղվում, որովհետև անկարող է խարդախել. մի՞թե դուրսպրծուկ-արագավազորդը կդիմանա սրընթաց վազքի տեմպին: Իհարկե ոչ:

***
Ազգադավ դուրսպրծուկի երանելի հանգրվանը քաղաքական ամբիոնն է: Գրկում ես այն, ճառաբանում ես գեղգեղուն և ամբարտավանության ամբարտակներ ես կառուցում, որոնցում, հրանոթներ տեղադրելով, ռմբահարում ես հակառակորդի դիրքերն ըստ առաջնորդի նախանշած ծրագրի:

Շատ հետաքրքիր է, որ հակառակորդ են համարվում առաջնորդի քիմքին ոչ հարիր բոլոր մարդիկ, պատմական անցքերը, տնտեսական գործընթացները և այլն: Մի խոսքով` քաղաքական դուրսպրծուկը անտանելի մի բան է, նրա հայրենիքը, հավատամքը, օրհներգն ու զինանշանը… առաջնորդի կիսադեմն է, նրա քմծիծաղը, փողկապի գույնն ու կոշիկի քուղը:

***
Կործանելով մեր պետականությունը` ՀՀԿ-ն երկրին նվիրաբերեց քաղաքական դուրսպրծուկների մի ողջ ծաղկեպսակ: Սույն պսակի մեջ հուրհրում են երկու ալ մեխակներ. մեկը Աշոտյան Արմենն է, մյուսը` Շարմազանով Էդուարդը: Նրանք Անդրանիկ Մարգարյանի քաղաքական խարդավանքի ակադեմիայի գերազանցիկ շրջանավարտներն են:

Վերջինիս անժամանակ վախճանից հետո այս գերազանցիկները մեխանիկորեն փոխանցվեցին Սերժ Սարգսյանին: Ու թե ինչ խելահեղ հաճկատարությամբ են Ա. Ա.-ն և Է. Շ.-ն ծառայել Ս. Ս.-ին, քաջ հայտնի է: Բայց առայժմ անհայտ է, նրանց ճակատագիրը: Նրանց աչքերում տագնապ է նկատվում. արդյո՞ք Նիկոլը կգնահատի իրենց անբասիր նվիրումն ու գրոսմայստերական արհեստավարժությունը:

Կասկածելի է: Եվ ահա հարցս Հենքի վեհանձն ընթերցողներին` եթե Է. Շ-ն և Ա. Ա.-ն հայտնվեն հայոց նորագույն պատմության լուսանցքում, այսինքն` դուրս մղվեն քաղաքական վերին օթյակներից, որտե՞ղ կաշխատեն: Ըստ իս Է. Շ.-ն կարող է դառնալ ԱԺ-ի բուֆետի մաքրուհի, Ա. Ա.-ն նրա խորհրդականը:

Զարզանդ ԶԵՓՅՈւՌՅԱՆ