Բաթումում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի թիմին: Լեւոն Արոնյանը սպիտակներով արագ ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեց Ուեսլի Սոյի հետ: Հրանտ Մելքումյանը երրորդ խաղատախտակի վրա սպիտակներով պարտվեց Սեմյուել Շեկլենդին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ ոքի խաղաց Ռեյ Ռոբսոնի հետ:

Կանանց Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց Ադրբեջանի թիմի հետ մրցամարտը: Բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Հայաստանի թիմի կազմում հանդես եկան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Կուրսովան:

Հոկտեմբերի 5-ին կկայանան վերջին՝ 11-րդ տուրի դիմակայությունները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Գերմանիայի թիմի հետ: Առաջին եւ երրորդ խաղատախտակների վրա Հայաստանի թիմը կխաղա սեւ ֆիգուրներով:

Հայաստանի հավաքականը 15 միավորով բաժանում է 6-12-րդ տեղերը: Գերմանացիները եւս ունեն 15 միավոր: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Չինաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականները, որոնք ունեն 17-ական միավոր: 3-5-րդ տեղերը բաժանում են 16-ական միավոր հավաքած Ֆրանսիան, Ռուսաստանն ու Լեհաստանը:
Կանանց Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն է Վրաստանի առաջին թիմը: 10-րդ տուրից հետո Հայաստանի թիմն ունի 16 միավոր եւ Ուկրաինայի ու ԱՄՆ-ի հավաքականների հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը 17 միավոր վաստակած Չինաստանի թիմն է: