Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հոկտեմբերի 4-ին անցկացվել են խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումներ: E խմբում Լոնդոնի «Արսենալն» առանց Հենրիխ Մխիթարյանի 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղի» նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագն անգլիական ակումբի հետ չէր մեկնել Բաքու: Նույն խմբի մյուս խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց ուկրաինական «Վորսկլային», որի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը։ Ընդ որում՝ մինչեւ 90-րդ րոպեն պորտուգալական ակումբը պարտվում էր 0:1 հաշվով:

F խմբում իտալական «Միլանը» տանը 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ հունական «Օլիմպիակոսի» նկատմամբ: Միլանցիներից երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ վնասվածքից ապաքինված Գոնսալո Իգուաինը: Ճիշտ է, այս թիմերի կազմում հակ ֆուտբոլիստներ չկան, բայց թե, ինչպես ասում են քյավառցիները, համենայն դեպս իմանալը «չխանգրա»: