Ռուսական Gazeta.ru կայքը անդրադարձ է կատարել երեկ երեկոյան Երևանում անցկացված ցույցերին նշելով. «Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շուտով հրաժարական է տալու: Նա բացատրել է, որ ցանկանում է վերընտրվել այդ պաշտոնին համաժողովրդական ընտրությունների արդյունքում, որոնք պետք է անցկացվեն մինչև տարեվերջ»:

Լրատվամիջոցը նշում է, որ քաղաքական գործչի խոսքով՝ այդ քայլով նա ցույց է տալիս, որ կառչած չէ պաշտոնից և ցանկանում է ընտրվել արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Gazeta.ru-ն նշում է, որ Փաշինյանն ավելի ուշ վստահություն է հայտնել, որ իշխանությունները համաձայնության կհասնեն մինչև այս տարվա դեկտեմբերի կեսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ՝ «մարդկանց ավելորդ անգամ չնյարդայնացնելու համար»:

Կայքը հոդվածում ասում է, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին վստահ է ապագայի իր ծրագրերում. երեք օր առաջ նա հույս է հայտնել, որ սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցին հաջորդ տարվա սկզբին: «Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե այցը կայանա հաջորդ տարվա սկզբին: Ինչո՞ւ: Որպեսզի պատրաստվեն պայմանագրերը, այցի ընթացքում ստորագրվեն փաստաթղթեր», -ասել է Հայաստանի վարչապետը:

                                                                                                       Մարիամ ՂԱԶԱՐԱՅԱՆ