Չարենցի տուն-թանգարանի մուտքը վերից վար ծածկված է ազդագիր պաստառով, վրան ծերունազարդ այրի պատկերը և ազդագրի հռչակագիրը՝ Ֆերդո:
Զուգահեռ տառաշարը իրազեկում է՝ ստեղծագործությունների ցուցահանդես:

Երևանի քաղաքացիների և քաղաքի հյուրերի մեծամասնության համար սույն գլուխկոտրուկը տարակուսանքի, անգամ տագնապի հարուցիչ է, քանի որ անհասկանալի է, թե ով է Ֆերդոն և որն է նրա ստեղծագործությունը:
Ոմանք մտածում են, որ Ֆերդոն աճպարար է և անսպասելի հնարքներ է հրամցնելու հանրությանը: Մյուսները ենթադրում են, որ Ֆերդոն թաղի հեղինակություններից մեկն է և դասախոսություն է կարդալու «Թաղային խուժանը և քաղաքական նոր իրավիճակը» թեմայով:

Սակայն սա չէ կարևորը, այլ այն, որ եթե անգիտությամբ Չարենցի թանգարանի տնօրինությունը նման անհեթեթ ազդագիր է փակցրել թանգարանի պատին, ՀՀ մշակույթի նախարարությունը մի՞թե չի տեսնում այս ազդագիրը: Իսկ եթե չի տեսնում, բա ի՞նչ է տեսնում և արդյո՞ք նրա այդ տեսածի համար արժե մի ողջ նախարարություն պահել:
Եթե այս է լինելու մեր մշակույթի նախարարությունը, ապա կասկած չկա, որ օրեր անց մայրաքաղաքի տարբեր մշակութային օջախների ճակատները կզարդարվեն զորօրինակ նման ազդագրերով՝ «Բղդո. կյանքը և վախճանը», «Զազիկ. խաշի միաժամանակյա կլլման սեանս, մուտքն ազատ է» և այլն:

Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ