Երեկ երեկոյան Հայաստանի ներքաղաքական դաշտը նորից տակնուվրա եղավ. պատճառը Խորհրդարանի կանոնակարգ օրենքում փոփոխությունների կատարումն էր։ Երեկոյան հրավիրված արտահերթ նիստում խորհրդարանական երեք ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ծառուկյան» դաշինքի առաջարկած և 67 կողմ ձայնով ընդունված փոփոխությունների համաձայն՝ Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին: Այս փոփոխության իմաստը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, Խորհրդարանի ինքնալուծարումը կանխելն է։

Արտահերթ նիստի մասին տեղեկանալուց անմիջապես հետո վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մարդկանց կոչ արեց հավաքվել ԱԺ-ի մոտ։ Մոտ երկու ժամ անց ոչ միայն Բաղրամյան պողոտայում հավաքվածների թիվն էր դժվար պարզել, այլև ամեն անգամ քաղաքական թեժացումների պահին մարդաշատ դարձող պողոտա մի քանի փողոցներից մուտք գործելը։

Խորհրդարանական երեք ուժերի նախաձեռնած արտահերթը, սպասելի էր, որ նման արդյունք պիտի տար։ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկզբին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, նրանց սրտով չէր։ Ըստ երևույթին, ցանկանալով կանխել արտահերթ ընտրությունների հնարավորությունը՝ գոնե Փաշինյանի նշած ժամանակահատվածում, հեռանկար չտեսնող խորհրդարանական ուժերն ափալ-թափալ նախագիծ մշակեցին, իրենք էլ հավանության արժանացրին։

Այստեղ զարմանալին այն է, թե ինչ հաշվարկ էին արել նախագծին կողմ քվեարկած ուժերը, մտածում էին, թե Փաշինյանն այս դեպքում զիջող կգտնվի, թե՞ ուղղակի վերջին հնարավորությունն էին օգտագործում։ Ավելի հավանական է վերջին տարբերակը։ Հնարավոր է՝ օրինագիծը քվեարկության դնելու օրն էլ էին հաշվենկատորեն ընտրել. մեծն շանսոնյեի հիշատակի արարողություններն են ընթանում, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն էլ մի քանի օրից Երևան կբերի 3000-ից ավել հյուրեր։

Եթե, իրոք, նախագծի ընդունման օրը պայմանավորված էր առկա իրադրությամբ, ապա մեկնաբանությունները թողնենք ձեզ։ Իսկ եթե խոսենք, առհասարակ, նախագծի մասին, ապա, ուղղակի, անհեթեթ բան է ստացվում։ Դժվար թե խորհրդարանական այդ ուժերից որևէ մեկը կասկածեր, որ նախագիծն ընդունելու դեպքում Փաշինյանն անմիջապես օգնության է կանչելու ժողովրդին, քանի որ նրա աջ ձեռքը ժողովուրդն է (քաղաքացիները)։ Իսկ որ քաղաքացիների աջակցությունը Փաշինյանը շարունակում է վայելել, ընդամենը երկու շաբաթ առաջ՝ Երևանի ավագանու ընտրություններում տեսանք։

Ավագանու ընտրությունները լակմուսի թուղթ էին թե´ Նիկոլ Փաշինյանի, թե´ խորհրդարանական հիշյալ ուժերի համար։ Փաշինյանը համոզվեց, որ երևանցիներն իր կողքին են և հասկացավ՝ հապաղել պետք չէ: Ուստի զարմանալի կլիներ, որ այս ամենից հետո վերադասավորումներ չլինեին։ Գործողությունների տրամաբանական շարունակությունն էլ երեկ երևաց. մի քանի ամիս առաջ հեղափոխությունը ծափերով «ընդունած» «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ, հակահեղափոխության փորձ արեցին։