ԳԱԱ-ի դիմաց հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե ինչ ընթացակարգով է պատրաստվում հրաժարական տալ։ Նա փաստեց՝ դա կանի, որպեսզի նախևառաջ որևէ մեկը չմտածի, որ ինքը կառչած է ՀՀ վարչապետի պաշտոնից:

Վարչապետը հրաժարական կտա, երբ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող նախարարների ու մարզպետների աշխատանքից ազատելու մասին որոշումը դե յուրե կմտնի ուժի մեջ. «Դրանից հետո 7+1 օրվա ընթացքում ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրվի նոր վարչապետ, պետք է ևս 7+1 օր ժամանակ անցնի, և ընտրի նոր վարչապետ: Եթե այդ ընթացքում չընտրեց նոր վարչապետ, տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե կպարզվի, որ ժողովուրդը կանգնած է հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մենք ժողովրդի հետ կկարողանանք թույլ չտալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ: Բայց հրաժարականից հետո ողջ ընթացքում ես շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները. այդպես է ՀՀ Սահմանադրությամբ»։

Հիշեցնենք՝ այսօրվա այս աժիոտաժի պատճառ դարձավ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը խորհրդարանական ուժերի կողմից։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ նախագծի ընդունումը դավադրություն է հայ ժողովրդի հանդեպ։ Ուստի ԳԱԱ շենքի մոտ վարչապետը հորդորեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել ԱԺ-ի կողմից այսօր ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները. «Պետք է հանրապետության նախագահը ստորագրի այդ օրենքը կամ դիմի Սահմանադրական դատարան դրա սահմանադրականությունը վիճարկելու համար: Կարծում եմ` ինձ կլիազորեք, որ ես հիմա այստեղից դիմեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` կոչ անելով, որ նա այդ օրենքը չստորագրի ու դիմի Սահմանադրական դատարան»։

Այսպիսով՝ եթե ընդհանրացնենք, ստացվում է հետևյալը. եթե նախագահը գոնե առաջիկա 14 օրվա ընթացքում չի ստորագրում օրենքը, իսկ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ապա մեծ հավանականությամբ ժողովուրդը կկարողանա ԱԺ շենքը պաշարել այնպես, որ վարչապետի ընտրության համար անհրաժեշտ 2 նիստերն էլ տապալվեն, և Խորհրդարանը կլուծարվի, կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ամեն ինչ տեղը կընկնի: Իսկ եթե ոչ, թերևս ժողովուրդն իր տեղը հանգիստ չի նստի։

Հանրահավաքից հետո վարչապետը հայտնեց, որ պատրաստվում է գնալ խորհրդարան պատգամավորների հետ ստեղծված իրավիճակը քննարկելու համար. «Ես կգնամ, որպեսզի նաև բանակցեմ այնտեղ գտնվող պատգամավորների ու քաղաքական ուժերի հետ` ստեղծված իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ, և մենք դա կանենք սիրո ու համերաշխության մթնոլորտում»:

                                                                                                                    Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ