Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին «Թումո»-ում կկայանա տնտեսական ֆորում, որի հիմնական բանախոսներ են լինելու ինտերնետի հայրերից մեկը համարվող Լուի Պուզենը և Սոֆյան՝ աշխարհի ամենակատարյալ ռոբոտը, արհեստական ինտելեկտի լավագույն դրևորումը: Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։

Երկու օր տևողությամբ ֆորումը հագեցած կլինի քննարկումներով ու հանդիպումներով: Փոխնախարարի խոսքով՝ քննարկումները տարբեր ուղղություններով կընթանան՝ 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, կայուն զարգացմանն առնչվող թեմաներ, կոմերցիոն հարաբերություններ՝ ներդրումներ ու արտահանում: Մասնակիցները նախքան բուն բիզնես ֆորումի մեկնարկը, կհասցնեն «Դիջիթեք էքսպո»-ին ներկա գտնվել։

«Բինզես ֆորումի շրջանակում նախատեսում ենք հիմնել ֆրանկոֆոն պետությունների ՏՏ նախարարների ցանց: Այդ օրերին կլինի նախարարների նիստ հետագա ուղղությունները նախանշելու համար: Ֆորումի շրջանակում ունենալու ենք առանցքային հյուրեր, խոշոր գործարարներ, ովքեր կփոխանակվեն իրենց փորձով, հաջողության պատմություններով», -ասաց Մանե Ադամյանը։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ավելի քան 3500 հյուրեր՝ այդ թվում պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ: Ներկա կգտնվեն 26 պետության ղեկավարներ՝ այդ թվում և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: