Հոկտեմբերի 1-ին դեռ վաղ առավոտից Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի բակում անսովոր աշխուժություն էր տիրում։ Կեսօրին նշանակված էր դպրոցի տնօրենի ընտրությունները Դպրոցների կառավարման խորհրդի կողմից։ Նախկին տնօրենը՝ տիկին Ղազարյանը (Սերժ Սարգսյանի խնամին), մասնակցության հայտ չէր ներկայացրել վերընտրվելու համար, ուստի դպրոցի ծնողական համայնքը հույս ուներ նորընտիր տնօրենի պաշտոնում տեսնել վերջին երեք ամիսներին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, երկար տարիներ դպրոցի տարրական օղակի փոխտնօրեն տիկին Ալավերդյանին։ Սակայն, ինչպես հայտնի է, ժամանակավոր պաշտոնակատարի փոխարեն նոր տնօրենին պետք է ընտրեն 3 ամսվա ընթացքում, ինչի արդյունքում տիկին Ալավերդյանի մասնակցությունը հնարավոր չեղավ անհրաժեշտ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք՝ հավաստագիր չունենալու պատճառով։ Հիշեցնենք, որ տնօրենների քննության կարգում այս տարի փոփոխություններ են տեղի ունեցել՝ բացի գրավոր թեսթավորումից հավակնորդներն անցնում են նաև էլեկտրոնային թեսթավորում։ Ուստի քննության անցկացման ժամկետները հետաձգվել են և տեղի կունենան միայն այս ամսվա ընթացքում։



Դպրոցի ծնողական համայնքը, տեղեկանալով առկա խնդրին, այս ընթացքում փորձել է քայլեր ձեռնարկել՝ հրապարակումներով, ստորագրահավաքներով, սոցիալական ցանցերում հաղորդագրություններ տարածելով, Կրթության և գիտության նախարարություն դիմումներ ներկայացնելով։ Մեծ էր հույսը, որ բացառության կարգով, կընդառաջեն ծնողների ցանկությանը, սակայն ոչ մի արձագանք այդպես էլ չեղավ նախարարության կողմից։ Ծնողների համար միանգամայն անհասկանալի է, թե ինչպես կարող են անտեսել և արհամարհել դպրոցի շահառուների խնդրանք-պահանջները, չէ որ այս դպրոցի կայացման ամեն հարցում վերջիններս գործուն մասնակցություն և աջակցություն են ցուցաբերել։ Թվում էր՝ Նոր Հայաստանում հասարակ քաղաքացիների ձայնը լսելի է վերևներում։

Լսելի լինելու բոլոր հնարավոր տարբերակները սպառելուց հետո, ի վերջո, մնում էր վերջին հույսը՝ տնօրենի ընտրության ժամանակ կառավարման խորհրդի կազմում ներգրավված ծնողների օգնությունը։ Թերևս նրանց ձայնը կարող էր վճռորոշ լինել և ստիպել խորհրդին ժամանակավորապես հետաձգել նոր տնօրենի նշանակումը։ Բայց այստեղ բոլորին մեծ անակնկալ էր սպասվում։

Պարզվում է՝ խորհրդի կազմում ընդգրկված ծնողներից մեկի երեխան վաղուց այս դպրոցի աշակերտ չէ, սակայն ծնողը դեռևս, ըստ փաստաթղթերի, դպրոցում «հեղինակավոր» տեղ է զբաղեցնում, իսկ մյուս «ծնող-ներկայացուցիչին»՝ Հովհաննես Հակոբյանին, ծնողներից ոչ մեկը երբևէ չի տեսել։ Հատկանշական է, որ պրն․Հակոբյանը դեռ նիստի սկզբում չցանկացավ լսել բողոքող ծնողների պահանջները, մի բան էլ հայտարարեց, որ իրեն արդեն ասել են, թե ում ընտրի։



Որպես այդ դպրոցի աշակերտի մայր՝ ես նույնպես մասնակցում էի 51 դպրոցում ծավալվող իրադարձություններին՝ չմոռանալով մասնագիտական պարտավորություններիս մասին։ Հստակ կարող եմ փաստել՝ հեղափոխությունը դեռ չի ավարտվել։ Քանի դեռ դրսից հրամաններ են գալիս, թե որ հավակնորդը պետք է ընտրվի, քանի դեռ նախկին տնօրենն է հարցեր լուծում դպրոցի ներսում, քանի դեռ խորհրդի կազմում իր դերակատարությունն ունի նախկին իշխանությունը, հեղափոխությունը չի կայացել։ Անցումային փուլում գտնվող «արդարադատությունը» դեռևս մնում է նախկին համակարգի ազդեցության ոլորտում։ Այդ մասին են խոսում կեղծ մտահոգ ձևացող ծնողները, որ ամեն գնով համոզում են պայքարի անիմաստության մեջ, այդ մասին են վկայում վերևներից արված զանգերն ու սպառնալիքները, այդ մասին են ահազանգում դպրոցի առջև հավաքված պսևդոսրտացավները՝ 2 մետր բոյով ու թիկնապահներին հատուկ կազմվածքով թաղային դեմքերը և հավակնորդների անմեղ թեկնածուների դերի տակ մնացած փափկասուն տիկնայք, որ վստահ ու սեփական արժանապատվության հստակ գիտակցումով սպասում են ստեղծված քաշքշուկի անխուսափելի ավարտին․․․

Այս թեմային մենք դեռ կանդրադառնանք, քանի որ երբեք պետք չէ թերագնահատել հայ կանանց ուժն ու կարողությունները։ Մեզ հաջողվեց կասեցնել խորհրդի աշխատանքը՝ ներխուժելով «ընտրական տեղամաս» և մեր բողոքի ձայնը բարձրացնելով: Դեռ ոչինչ ավարտված չէ, տնօրենի թափուր պաշտոնի համար պայքարը շարունակվում է։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ