ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում «Անի» ԲԲ ընկերությանն ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով օտարվել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված և անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված՝ Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ինչպես նաև ջրանցքները սպասարկող կառուցվածքները, որոնք ընդհանրապես օտարման ենթակա չէին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինն ու ավելացնում, որ արկ է նշել նաև, որ ոակավորում ունեցող անձանց կողմից 2018թ. սեպտեմբերի 26-ին կատարված գույքի գնահատման հաշվետվության համաձայն 22.695.305 ՀՀ դրամով օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.600.000 դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված գնից:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: