Հակահայկական հայտարարություններով Թուրքիայում շարունակ փորձում են ստեղծել կեղծ իմիտացիա, իբրև թե հայկական սփյուռքը փորձում է խախտել կամ չհարգել ինչ-ինչ կանոններ ու թեզեր։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան պարզապես որդեգրել է ամեն ինչ ժխտելու քաղաքականությունը՝ կապված հայոց ցեղասպանության հետ։ Այդպիսի մի հայտարարություն էլ արել էր Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Ելույթ ունենալով Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից կազմակերպված «Թուրքական պատմության համաժողովի» բացմանը՝ նա անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը. «Նրանք, ովքեր ցանկանում էին 1915-ի դեպքերն օգտագործելով մեր պատմությունը սևացվել, չնայած իրենց ջանքերին, չեն հասել իրենց նպատակներին՝ բացառությամբ մեր երկրի նկատմամբ բացահայտ թշնամանք ունեցող պետությունների: Հատկապես 2015թ-ից առաջ ակտիվացած զրպարտող արշավներն արդյունք չտվեցին՝ շնորհիվ մեր երկրի կեցվածքի, Թուրքիայի պատմագիտական ընկերության նման պետական հաստատությունների ջանքերի և մեր դիվանագետների աշխատանքի»:

Այս հակահայկական շեշտադրումներին ի պատասխան՝
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը
«Bianet» լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայի նոր դիրքորոշումը հիմնված է ոչ թե առերեսման, այլ ժխտողականության ու ձուլման վրա, և այս տեսանկյունից նոր թշնամիների կարիք կա:

Ըստ Փայլանի՝ Թուրքիայում բնակվող հազարավոր հայերի ցավի նկատմամբ ոչ մի կարեկցանք չպարունակող հայտարարություններն այնտեղ ապրող ժողովուրդներին ոչ մի օգուտ չեն տալու։ Իսկ նման արտահայտությունները «թուրքական ազգայնական մտածելակերպի» արդյունքն են։

«Հայկական սփյուռքը կայսերիցին, մալաթիացին, ստամբուլցին, բուրսացին, թեքիրդաղցին, դիարբեքիրցին է։ Նրանք, ում դուք թշնամի եք դարձրել, մեր բարեկամներն ու մեր քաղաքացիներն են։ Թուրքական թեզերը ռասիստական են և ցեղասպան։ Մեր ցավի օջախը Թուրքիայում է և միայն Թուրքիայում է հնարավոր այն բուժել»։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ