Վարչապետ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը կայացավ երեկ երեկոյան, քննարկման օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցն էր։ Չնայած պարզ էր, որ մեկ հանդիպումով ոչինչ չէր որոշվելու, այնուամենայնիվ, կողմերը կարծես թե որևէ նոր բան չարձանագրեցին այս հանդիպումից հետո՝ դեռևս խուսափելով մանրամասներ ներկայացնել։

«Մենք մտածում ենք, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, ասենք մի երկու-երեք ամսվա ընթացքում», -հանդիպումից հետո արձանագրեց վարչապետը։

Վահրամ Բաղդասարյանն էլ ոչ մի մանրամասներ չներկայացնելով, շեշտեց՝ ինքը այս հանդիպմանը ներկայացել էր ՀՀԿ խմբակցության 49 անդամների անունից։

«Մենք պետք է շարժվենք այն ուղղությամբ, թե որ պարագայում կունենանք պառլամենտ, որն իրոք կարտացոլի իրական քաղաքական դաշտը և միտված կլինի զարգացմանը», -շարունակում է պնդել Բաղդասարյանը։

Իսկ ինչպե՞ս կվարվի ՀՀԿ-ն, եթե մյուս քաղաքական ուժերը համաձայնեն մինչեւ տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։ Արդյո՞ք ՀՀԿ-ն կզիջի դիրքերը, Բաղդասարյանը կարծես թե երկմտում է. «Եթե նման իրավիճակ լինի, դա էլ քննարկելու առարկա է»:

Անկախ ամեն ինչից, մի բան հստակ է. քաղաքական հակառակ բևեռները կարծես թե սկսեցին «սիրել» քննարկման գործընթացը։ Դա թերևս ոսկե միջինն ընտրելու լավագույն եղանակն է։ Իսկ այդ ոսկե միջինը անշուշտ ժողովրդի, պետության շահն է։

Վարչապետն ընդգծեց նաև, որ պատրաստ են անգամ նրան, որ ընդդիմությունը ԱԺ-ի հանձնաժողովի նախագահի համար էլ քվոտա ունենա։ Իսկ այսօր գոյություն ունեցող կարգավորումները երաշխավորում են, որ 1/3-ը` 30 պատգամավոր, ընդդիմադիր կլինի. «Եթե անգամ ապագա խորհրդարանում որեւէ ուժ 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը չի կարող այսօրվանից պակաս լինել: Կլինի այն, որ կառավարությունը կունենա մեծամասնություն, որը նրան հնարավորություն կտա լիարժեք գործել եւ ըստ էության զբաղվել երկրի օրակարգի հարցերով: Կունենանք լեգիտիմ իշխանություն` խորհրդարանական մեծամասնություն և լեգիտիմ փոքրամասնություն: Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը կամ ուժերը հինգ տոկոս ձայն հավաքի, ինքը բոնուսով ստանալու է այնքան ձայն, որ 1/3 կկազմի և ընդ որում, ունենալու է երաշխիքներ` ԱԺ նախագահի տեղակալի համար: Էլ չեմ ասում, որ այդ երաշխիքները կարող ենք ուժեղացնել, եթե որևէ կասկած կա»։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների հրապարակային հայտարարություններին, որ խորհրդարանական ընտրությունները պետք է 2022-ին լինեն, Փաշինյանի համոզմամբ՝ դա ոչ կառուցողական դիրքորոշում կլինի, քանի որ ամեն ինչ հանգել է նրան, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը թիվ մեկ հարցն է դարձել երկրում. «Բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ եթե այդ հարցը չլուծվի, երկրում որեւէ այլ հարց չի լուծվելու: Եվ եթե որեւէ քաղաքական ուժ դեմ է, նշանակում է, որ այդ ուժն ուզում է, որ մեր ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ: Դա սխալ մոտեցում է: Խորհրդարանական ընտրությունները չեն կարող հերթական լինել»:

Հավելենք, որ առաջիկա շաբաթվա ընթացքում այս հանդիպումները կշարունակվեն նաև խորհրդարանական մյուս խմբակցությունների ղեկավարների հետ: Գուցե քննարկումներ լինեն նաև որոշ արտախորհրդարանական ուժերի հետ։

Թե ինչպիսին կլինի այս բանակցությունների հետագա ընթացքը, պարզ կդառնա ավելի ուշ։ Այնուամենայնիվ վարչապետը արտահերթ խորհրդարանական ընտրությունների որոշման ամրագրման երկու տարբերակ է տեսնում:

Մեկի մասին արդեն իսկ նշել էր՝ սահմանադրական փոփոխություններ: Մյուս տարբերակն էլ հանդիպումից հետո բացահայտեց` հրապարակային համաձայնություն է ստորագրվում, որ այսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, որի տակ ստորագրում են խորհրդարանական բոլոր ուժերը, և այդ քաղաքական ուժերը երկու անգամ թեկնածու չեն առաջադրում: Արդյունքում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Երկու տարբերակն էլ ռիսկեր ունեն, պետք է քննարկել», -շեշտեց Փաշինյանը: Իսկ միակ երաշխիքը, որ քաղաքական ուժերը չեն խախտի պայմանավորվածությունը, ժողովուրդն է։

                                                                                                 Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ