«Կարելի է ասել, որ մի ողջ դարաշրջան գնաց։ Հեռացավ հայ ժողովրդի մեծագույն զավակը, ով պատկանում էր ողջ մոլորակին», -Ազնավուրի մահվան լուրը լսելուց հետո РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում ցավով ասել է ռուս հանրահայտ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

Մեծ հայորդի Շառլ Ազնավուրի մահվան լուրը նա ընդունել է որպես մեծագույն կորուստ. «Հեռացավ մի մարդ, որը բարձրորեն կրում էր պատմությունը, սերն ու մշակույթը իր հայրենիքի, եւ այդ հայրենիքը հանդիսանում էր ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ իր առաջին հայրենիք Հայաստանը։ Մարդ, որը երբեք չէր մոռանում հայ ժողովրդի մեծագույն ողբերգության մասին եւ իր հրաշք տաղանդն ու ազդեցությունը օգտագործում էր, որպեսզի աշխարհը չհամարձակվի մոռանալ այդ ողբերգությունը»։

Սոլովյովի խոսքով՝ Ազնավուրը խորաթափանց մարդ էր, իսկ նրա երգերը ստիպում էին արտասվել եւ հասկանալ վեհ գաղափարների իմաստը։ «Նրա երգը սիրո մասին… դա հավերժական դասական է համաշխարհային մշակույթի մեջ։ Շառլ Ազնավուրը մի ողջ տիեզերք էր, եւ այդ տիեզերքը մնաց մեզ հետ ապրելու, առանց իր արարչի»։

Սոլովյովը հիշել է, որ «Թեհրան-43» լեգենդար ֆիլմում հնչում է Ազնավուրի երգը, որը ամեն մի ռուսաստանցու եւ նախկին ԽՍՀՄ տարածքի ամեն մի բնակչի հոգու մի մասնիկն է։

                                                                                                               Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ