Հետաքրքիր բան է կյանքը, մարդիկ՝ էլ առավել. գալիս են ու անցնում գնում՝ մեկն առանց հրաժեշտի, մեկը հրաժեշտ տալով, մեկն իր հետևից հուշեր փռելով, մյուսը՝ լուռ ու աննկատ… Ու մյուսներս, որ կյանքի անցողիկության մասին նախընտրում ենք չմտածել, հերթափոխող օրերի հաջորդականության մեջ հանկարծ զգում ենք, որ կամաց-կամաց խամրում են մեզ հարազատ մարդկանց հետ կապված հուշերն ու դրանից ցավ ենք զգում։

Շառլի հետ կապված այդպիսի զգացողություն մենք՝ նրա ժամանակակիցներս, հաստատ չենք ունենա, իսկ գալիք սերունդները նրան, ուղղակի, կճանաչեն միլիոնավոր անգամ լսված երգերով, հեռուստաընկերությունների ու թերթերի ոսկե արխիվներում պահված ինքնաբացահայտող հարցազրույցներով… ու նա՝ խռպոտ ձայնով հայը, որ օծվեց Ֆրանսիայի Ֆրանկ Սինատրա, սերունդների հետ հավերժ կքայլի՝ իր գերող, ազդեցիկ ու անկրկնելի ձայնով կյանքի ու սիրո մասին երգելով։

Բնականաբար, միլիոնավոր հայեր ու ֆրանսիացիներ, ովքեր Շառլ Ազնավուրի մահվան բոթը լսելուն պես ունեցել են նույն՝ որբանալու զգացողություն, անձամբ մեկ բառ էլ փոխանակած չեն շանսոնյեի հետ։ Բայց նա հարազատ էր դարձել, մտել նրանց սրտերն ու աննկատ արմատավորվել, ուստի պատահական չէ, որ շատերս չէինք ուզում մտածել, որ կյանքի անցողիկության օրենքը մի օր էլ Շառլին կուղղի հայացքը։ Հիմա էլ չենք ուզում հավատալ, որ ֆրանսիական բեմը գրաված շանսոնյեից այլևս կյանքից քաղած նոր դասեր ու ապրած օրերից ծնված նոր երգեր չենք լսելու, եղածն ենք նորից ու նորից ունկնդրելու, վերաիմաստավորելու…

Շառլ Ազնավուրն, իրոք, հարազատ էր դարձել շատերիս՝ բառի ամենալայն իմաստով։ Անձամբ ես չէի պատկերացնում, որ նա այդքան հարազատ է ինձ, հասկացա, երբ համացանցային լրատվամիջոցներից մեկի ֆեյսբուքյան էջում կարդացի՝ «Մահացել է Շառլ Ազնավուրը»։ Ասելիքս չափից շատ զգացմունքային չդարձնելու համար, շրջանցեմ այդ պահն ու անցնեմ «փոքրամարմին հսկայի» կերպարի հետ իմ ծանոթությանը։ Ազնավուրի հետ ծանոթությունս սկսվեց, երբ դպրոցական էի, նրա ինքնակենսագրական ՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից։ Նախաբանը, որը հետագա ողջ ասելիքի հանրագումարն է ու ապացույցը, մարդկային էությանը բնորոշ գծերն է արտացոլում ու պատգամում ամենակարևորը՝ արածի համար չփոշմանել ու անշեղորեն գնալ դեպի նպատակակետ։

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ` «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…», -գրքի նախաբանում գրել էր Ազնավուրը։

Գիրքը կարդացի մեկ շնչով. Շառլի հետ «մտա նրանց տուն», «ականատես եղա» գաղթական ընտանիքին պատուհասած դժվարություններին, իմացա անելանելի իրավիճակից լավատեսության օգնությամբ դուրս գալու գաղտնիքը, «ծանոթացա» Գիքորի պես փողոցից փողոց թերթ վաճառող, «բախտ չունեցող» ու երբեք չհանձնվող Շառլի հետ։ Փարիզը նվաճած շանսոնյեի երգացանկը դրանից հետո հայտնվեց ընտրյալների ու ամենաշատը լսվող երգերի շարքում, ու ես դարձա նրա երկրպագուների բանակի մի մասնիկը։

Այդ բանակը տարիների, դարերի հետ կթարմացվի, բայց չի նոսրանա, համոզված եմ։ Ամենուր սեր փնտրողի, սեր տարածողի կերպարը ժամանակի ընթացքում ավելի կամրապնդվի, ու ամեն բացվող օրվա հետ կվերածնվի Փարիզը նվաճած Շառլը։ Մենք՝ մահկանացուներս, ինչպես Ամենայն հայոց բանաստեղծն է ասել, «հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչ օրից…», իսկ կյանքի շարունակականությունն ապահովող սերունդներին ազնավուրյան երգը, հաստատ, անտարբեր չի թողնի։

Հանգչի´ր խաղաղությամբ, լեգե´նդ, հանգստանալու ժամանակը, որի մասին անակնկալ եկող մտքերը ցրում էիր՝ մտածելով հաջորդ օրվա լուսաբացի մասին, քեզ ֆիզիկապես հեռացրեց մեզնից՝ դարձնելով հավերժի ճամփորդ…

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ