Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային երկրորդ հանդիպումների առաջին օրն է: Թվում է, թե ֆուտբոլային գերակումբների մրցավեճին վարժված ֆուտբոլասերի քիմքին հարմար դիմակայություն չկա, սակայն սա թերևս այնքան էլ այդպես չէ, քանզի իրեն հարգող և ոչ մի ֆուտբոլային գերակումբ իր կարգից ու հարգից նվազ խաղ դժվար թե ցույց տա և երկրորդ՝ զուտ ֆուտբոլային առումով պիտի որ գերլարված մրցակցություն արձանագրվի մասնավորապես «Լիոն»-«Շախտյոր», «Մանչեստր Յունայթեդ»-«Վալենսիա» առճակատումներում: Հատկապես վերջինում պիտի որ կաշվից դուրս գան Ժոզե Մոուրինիոյի սաները, որոնք խայտառակ են մեկնարկել պրեմիեր լիգայում: Ինչ վերաբերում է վաղվա հանդիպումներին, ապա այնտեղ առնվազն երկու դիմակայություն կա, ու դրանք կզարդարեին ցանկացած մրցաշար: