Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Բելառուսի քառյակի հետ եւ հաղթանակ տարավ 2.5:1.5 հաշվով: Արշակ Պետրոսյանի գլխավորած թիմի հաղթանակն ապահովեց գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սպիտակներով պարտության մատնեց Ալեքսեյ Ֆյոդորովին: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը խաղացին ոչ-ոքի: Հայաստանի հավաքականը 12 միավորով չորրորդ տեղում է: Առաջատարներ են 13-ական միավոր վաստակած Ադրբեջանը, Լեհաստանը եւ ԱՄՆ-ն:

Կանանց Հայաստանի հավաքականը մրցեց ԱՄՆ-ի թիմի հետ եւ նույնպես առավելության հասավ 2.5:1.5 հաշվով: Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը երկրորդ խաղատախտակին վաստակեց կես միավոր: Մարիա Կուրսովան պարտություն կրեց: Հայաստանի հավաքականը 13 թիմային միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ուկրաինան, Չինաստանը, Ռումինիան ու Վրաստանն ունեն 12-ական միավոր: