«Ֆայնենշըլ թայմսը» հերթական անգամ անմահացրեց Արմեն Սարգսյանին ու իրա լուման հայոց թավշյա հեղափոխության ու «Տետրիս» խաղի ստեղծման գործում: Պարզվում է, որ հենց իրեն նախագահ դրին, երկրում հեղափոխություն եղավ: Բայց էստեղ մի շատ տրամաբանական ու շատ արդար հարց է ծագում: Ախր Արմեն Սարգսյանին 1997-ին էլ ՀՀ վարչապե՛տ դրին, բայց փոխանակ ինքը հեղափոխություն աներ, տվին, էդ մարդո՜ւն շատ կայծակնային «խեղափոխություն» ու կայծակնային «տեղափոխություն» արին, հիվանդանոց գցին:

Էդ որ ասում է «քվանտային քաղաքականություն», էդ ո՞րն է. որ ամենի ինչ էնքա՛ն կայծակնային է կատարվում, որ էդ միջավայրում օրենքնե՞րն են փոխվում: Այ է՛ս սահմաններում ու է՛ս պարագայում 1997-ին պարոն Սարգսյանի էդ կայծակնային նշանակումն ու կայծակնային «խեղափոխություն-տեղափոխությունն» ու 20 տարով «վերցրած իրա բյուլետենը», համաձայն եմ, լրիվ տեղավորվում են «քվանտային քաղաքականության» տրամաբանության մեջ:

Զարմանալին այն է, որ «Ֆայնենշըլ թա՛յմսը» էդ մարդու 1997-ի այդ «քվանտային նվաճումը» երբեք չի հիշում: Ինքն, ասենք, համեստություն անում, դրա՛ համար չի հիշում, բա դո՞ւ, «Ֆայնե՜նշըլ թայմս», էդքան բան հիշում, ինչո՞ւ մի անգամ էդ բանը չես հիշում: Դրա փոխարեն Նիկոլի ձեռից հեղափոխությունն, այս էլ որերորդ անգամ, առնում, «բյուլետենից» էս վերջերս նոր վերադարձա՜ծ, էդ հազի՜վ բուժված մարդուն ես տալիս:

Չլինի՞ Լոնդոնն իր ուզած նոր վարչապետի պատրաստությունն է էս ձևով տեսնում: Չլինի՞, ուղիղ 100 տարի առաջ դաշնակցական կառավարության՝ դեպի Լոնդոն հղած-մերժված կանչին ի պատասխան, «անգլիական սուզանավը վերջապես մեր լեռներն ի զորու եղավ բարձրանալ»: Բա որ էդ մարդուն, համաձայն իր իսկ էդքան ճո՜խ գոված էդ «քվանտային քաղաքականության», 1997-ի պես նորից ընենց «թափ տան», որ հետո նորից ստիպված իրան քվանտ առ քվանտ, իր ստեղծած էդ «Տետրիսի» նման թազա՛ հավաքեն, ի՞նչ եք անելու, մի 20 տարի է՞լ եք սպասելու, որ «բյուլետենից» հետ գա: Չեք տեսնո՞ւմ՝ էդ մարդը «խեղափոխվելու-տեղափոխվելու» ընդգծված հակում ու հավես ունի…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ