Բժշկության ասպարեզում 2018 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկյան Հյուսթոնի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ալիսոնը և ճապոնական Կիոտո քաղաքի համալսարանի աշխատակից Տասուկու Հոնձյոն: Կարևորագույն մրցանակին արժանացած գիտնականների անուններն այսօր կեսօրին հայտնել է Շվեդիայի թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը: Կանխատեսվում էր, որ բժշկության ասպարեզում Նոբելյանի մրցանակի դափնեկիրները հենց Ալիսոնը և Հոնձյոնը կդառնան, քանի որ դարի խնդիր հանդիսացող հիվանդության՝ քաղցկեղի իմունոթերապիայի նոր մեթոդի ակունքներում կանգնած են այս երկու գիտնականները։

Այսօրվանից մեկնարկած «Նոբելյան շաբաթվա» ընթացքում հայտնի կդառնան բարձրագույն մրցանակի՝ ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության և տնտեսագիտության ոլորտների 2018 թվականի դափնեկիրները։ Հատկանշական է, որ 2018 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Հաղթողը կստանա 1,4 մլն դոլար, որը կհանձնվի դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։