ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ուղղված կառավարության վերջին որոշմանը: Մեկ առ մեկ նշելով N 98-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները՝ վարչապետը վերահաստատել է երիտասարդ ընտանիքներին բնակարանային հարցում աջակցելու Կառավարության պատրաստակամությունը։ Ինչպես և ամրագրված է որոշման մեջ, վարչապետը հիշեցրել է, որ արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկ ստանալու հնարավորություն այսուհետ ունեն ոչ թե 65, այլ 70 գումարային տարիք ունեցող ամուսինները։ Երևանում երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման համար հիփոթեքային վարկ կտրամադրվի առավելագույնը 9,5%-ով, որից 2%-ը կսուբսիդավորի պետությունը, այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5%, մարզերում բնակարան գնելու դեպքում` 5,5%, իսկ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից)՝ առավելագույնը 7.5 տոկոսով՝ առանց սուբսիդավորման։

Վարչապետն անդրադարձել է նաև վարկի տրամադրման ժամկետի փոփոխությանը. առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում այն կտրամադրվի 30, իսկ երկրորդային շուկայից գնելու դեպքում՝ 25 տարով։

Խոսելով կառուցապատողից բնակարան ձեռքբերած քաղաքացիներին տրված արտոնության՝ եկամտահարկի վերադարձի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Սա նշանակում է, որ առաջնային շուկայից ձեռքբերված բնակարանների համար կգործեն անտոկոս վարկեր. այսինքն՝ 30 տարով անտոկոս վարկ: Սա շատ լավ հնարավորություն է, և այն մարդիկ, ովքեր միջինից բարձր աշխատավարձ ունեն, կարծում եմ, սրանից կօգտվեն: Ես հասկանում եմ, որ ոմանք աշխատանք չունեն, բայց և ասել եմ, որ աշխատանքը խրախուսվելու է: Մարդիկ բնակարանների խնդիրներ ունեն, և մենք ամեն ինչ անելու ենք, որ լինեն մատչելի վարկեր, որպեսզի նրանք բնակարաններ գնեն», -ասել է Փաշինյանը: