Ցավն այս պիտի ծանրորեն գար ու անկոչ հյուրի պես բերեր այս բոթը՝ բոլորիս դարձնելով որբացած մանուկ, անհովիվ հանրույթ, անհույս մոլորյալ…

Չկա: Ավաղ այլևս չկա մեր ինքնության խոշորագույն վկայագիրը, հրովարտակի պես աշխարհին պարզված մեր ամենահզոր հաղթաթղթերից մեկը:

Ցավալիորեն էլ չի տրոփում Մեծագույնի սիրտը, ցավալիորեն  նրա կատարմամբ էլ չեն հնչելու նրա զրույց-երգերը, երգ-մտորումները, մտորում-աղոթքները:

Աստվածային նախախնամությամբ իրեն վերագրված էր լինել մեծ, լինել ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ, ու դրանով ամեն ինչ ասված էր:

Սակայն ինքն իր շռայլության մեջ ինքնամփոփ չեղավ:

Ինքն այնքան շռայլորեն մեծ եղավ բոլորիս հանդեպ, որ բոլորի՛ս շնորհեց իր հետ հաղորդակցվելու, իր ժամանակակիցը կոչվելու պատիվը:

Հույս ու մխիթարություն բոլորիս այնքանով, որ նրա տեղը տիեզերքում աշխարհի խոշորների կողքին է, ու որ այնտեղից էլ անելու է բոլորիս հայությունն ու հայրությունը:

… եւ այնուամենայնիվ այս ի՛նչ ծանրորեն բացվեց այս օրն աշխարհի վրա, այս ինչ սահմռկեցուցիչ դաժանություն էր եղածը…

                                                                                                      Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ