ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այց են ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀԱԱՀ ռեկտորի պաշտոնակատարի ուղեկցությամբ շրջել բուհում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին: Նախարարին ներկայացվել է գինու քիմիական և ուսումնական լաբորատորիան և համտեսի սրահը, որոնք կահավորվել և տեխնիկապես վերազինվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (CIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` գերմանական կողմի ֆինանսավորմամբ:

Նրանք եղել են նաև համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների և ուսուցման միջազգային կենտրոնում և նույն մասնաշենքում տեղակայված Գինու ակադեմիայում: Ռեկտորի պաշտոնակատար Վ. Ուռուտյանը նախարարին ներկայացրել է Ագրոբիզնեսի հետազոտությունների և ուսուցման միջազգային կենտրոնում իրականացվող կրթական ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակցում է Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի հետ: Ագրոբիզնեսի հետազոտությունների և ուսուցման կենտրոնում գործում են մագիստրոսական (MAB) և բակալավրիական կրթական ծրագրեր, որոնք տարածաշրջանում եզակի անգլալեզու բարձրագույն կրթական ծրագրերն են ագրոբիզնեսի տնտեսագիտության բնագավառում:

Ռեկտորի պաշտոնակատարի տեղեկացմամբ` թե բակալավրիատի և թե մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանները արևմտյան կառուցվածք ունեն և հիմնված են Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի համապատասխան ուսումնական պլանների վրա: Ուսուցման կենտրոնում շրջելու ընթացքում ԿԳ նախարարը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել, թե շրջանավարտները որքանով են մրցունակ աշխատաշուկայում: Կենտրոնի պատասխանատուների հավաստամամբ` Ագրոբիզնեսի և շուկայաբանության միջազգային ծրագրի շրջանավարտների 95 տոկոսն աշխատում է մասնագիտությամբ` ստանալով համեմատաբար բարձր վարձատրություն:

Ռեկտորի պաշտոնակատարը նախարարին հակիրճ ներկայացրել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի զարգացման ծրագիրը և մոտ ապագայում նախատեսվող նախաձեռնությունները: