Երեկ «Կամար» բիզնես կենտրոնում շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ խոսելով արտահերթ ընտրությունների ժամկետների մասին․ «Ինձ թվում է, որ մենք պետք է ժամկետները քննարկենք և արագացնենք արտահերթ ընտրությունները, քանի որ այս ընթացքում բոլոր կարգի բիզնեսի, ներդրողների հետ շփումներում հասկանում ենք, որ բոլորը սպասողական վիճակում են, և նրանց պետք է քաղաքական երկարաժամկետ տեսլական, որպեսզի տնտեսության մեջ մենք կարողանանք իրական ներդրումներ անել և փոփոխություններ բերել։ Տնտեսական շահերից է զուտ ելնում, որպեսզի հնարավորինս արագ անենք ընտրությունները»։

Նիկոլ Փաշինյանը լիահույս է, որ խորհրդարանական ուժերի հետ բանակցությունները կառուցողական կլինեն, և ժողովուրդը ստիպված չի լինի նորից փողոց դուրս գալ իր կամքը արտահայտելու համար։ Ստացվում է՝ վարչապետը գնում է բանակցությունների, սակայն արդեն ունի իր համար ցանկալի տարբերակը, որի ձախողման դեպքում կշարունակվեն ժողովրդական ընդվզումներն ու ցույցերը։ Ակնհայտ է, որ նման գործելաոճը չի կարող միանշանակ ընկալվել խորհրդարանական ուժերի կողմից։ Վերջիններս համոզված են, որ իշխանությունները շտապում են օգտվել հանրության մեջ գերիշխող էյֆորիկ տրամադրություններից, որին ականատես եղանք ավագանու ընտրություններին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում նման արդյունքների գրանցումը (81%) կարող է հանգեցնել մենիշխանության և ընդդիմության չեզոքացման։ Ուստի զարմանալի չէ, որ մինչև տարեվերջ ընտրությունների անցկացումը տարատեսակ հայտարարությունների առիթ է հանդիսացել։

-Քննարկել ժամկետ արտահերթ ընտրությունների, դա նշանակում է ինչ՝ ունենալ նոր խաղի կանոն՝ ընտրական օրենսգիրք՝ հաղթահարելով ռեյտինգայինը, երկրորդ՝ բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծել։ Կուսակցական շահը պետք է ստորադասվի պետական շահին։ Այսինքն մեր նպատակն է, որ մենք չունենանք քաղաքական մենիշխանություն, մենք քաղաքական մենաշնորհի դեմ ենք, -«Ժողովուրդին» ասել է ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ պետք է լինի որոշակի քաղաքական կոնսենսուս՝ տրվի որոշակի ժամանակ բոլոր ուժերին՝ այդ թվում նաև արտախորհրդարանական, պատշաճ կերպով ընտրություններին պատրաստվելու համար։

Օրեր առաջ ըստ էության իր կուսակցության դիրքորոշումն էր արտահայտել նաև Էդուարդ Շարմազանովը։ Վերջինս հայտարարել էր, որ «ՀՀԿ-ն պատրաստ է վարչապետի հետ երկխոսության, բայց դեմ է հրատապ զարգացումներին, հրատապ ընտրություններին»։

Թերևս ԱԺ ընտրությունների անցկացումը ենթադրում է ավելի խաղաղ պայմաններ, որը հնարավորություն կտա ժողովրդին ավելի սթափ գնահատելու իրավիճակը և կատարելու ընտրություն, սակայն պետք չէ գուշակ լինել կռահելու համար, որ էյֆորիայից ձերբազատումն էլ չի համոզի քվեարկել նախկին քրեաօլիգարխիկ իշխանությունների օգտին։

Քրիստինե ՀՈՎՍԵՓՅԱՆ