ՀՀ Սյունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ ունեցած հանդիպումից հետո նախարարը և մարզպետը Կապան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում հանդիպել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների, ֆիզկուլտուրայի ուսուցիչների, մարզադպրոցների ղեկավարների, մարզիչների և ոլորտի մասնագետների հետ: Մարզպետը ներկայացրել է մարզում սպորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները; Դրանք առնչվում են մարզադահլիճների և մարզադպրոցների նորոգմանը, մարզագույքի սակավությանը, մասնագետների սակավաթվությանը, ինչպես նաև նրանց վերապատրաստում անցնելու գործընթացին:

Նախարարն իր հերթին ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ ուղղված մասսայական սպորտին և առողջ ապրելակերպի քարոզչությանը, ինչպես նաև պատասխանել է ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի: Նախարարն ու մարզի ղեկավարը միասին դիտել են Կապանում ատլետիկական մարզումների համար նախատեսվող տեղանքը, այնուհետև ծանոթացել են Կապանի բժշկական քոլեջի մարզադահլիճի պայմաններին: