Արթիկում իր գործունեությունն է սկսել մանկական նոր զարգացման կենտրոնը, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը՝ տեղեկացնում է նախարության մամլո քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը: Կենտրոնը կոչվում է «Թիկունք-դրախտիկ»։ Այստեղ երեխաները, բացի կրթական ծրագրերից, հնարավորություն են ունենալու զբաղվելու նաև ֆիզկուլտուրայով և սպորտով:

Բացման հանդիսավոր արարողությանը Լևոն Վահրադյանը կարևորել է մարզերում նման կենտրոններ ունենալու անհրաժեշտությունը, որտեղ երեխաները կկարողանան մարզվել և մանկուց հաղորդակից լինել սպորտին: Նա շնորհակալություն է հայտնել կենտրոնի հիմնադիր «Թիկունք» հասարակական-սոցիալական կազմակերպությանը՝ Արթիկ քաղաքի փոքրիկ բնակիչներին, իրենց զբաղմունքն ավելի հետաքրքիր և բովանդակալից կազմակերպելու հնարավորություն տալու համար: Նշենք, որ «Թիկունք» հասարակական-սոցիալական կազմակերպությունը նախատեսում է նմանատիպ կենտրոններ հիմնել նաև Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում: