Ղարաբաղյան խնդրի երբեք չմարող թեման կրկին ակտիվ քննարկումների փուլ մտավ ՄԱԿ-ի 73-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթից հետո։ Վարչապետի ելույթի շեշտադրումներն առանձնապես չէին տարբերվում ՀՀ նախկին առաջին դեմքերի ելույթներից՝ բացառությամբ մեկ կարևոր շեշտադրման՝ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելու պայմանի։ Որ Փաշինյանն իր ելույթի՝ Արցախին վերաբերող մասում կընդգծեր այդ հանգամանքը, սպասելի էր, քանի որ իշխանափոխությունից հետո նա բազմիցս կրկնել է, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, որպեսզի գործընթացն իմաստ ունենա։

Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների ու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին Ադրբեջանի հավատարիմ չմնալու վրա Նիկոլ Փաշինյանը երկար կանգ չի առել, մեկ նախադասությամբ անդրադարձել է ու առաջ անցել։ «Նա (Ադրբեջանը` Ա.Ս.) պետք է հրաժարվի ռազմական ցանկացած լուծման գաղափարից եւ կատարի նախկինում կնքված բոլոր համաձայնությունները», -ասել է ելույթում։

Դրանից երկու օր անց հայտնի դարձավ, որ Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը մի քանի բառ են փոխանակել։ Սեպտեմբերի 29-ին արդեն Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև ոչ ֆորմալ հանդիպման արդյունքների մասին անձամբ վարչապետից իմացանք ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով։ Ալիևի հետ ունեցած քննարկման և ձեռք բերված պայմանավորվածությունների առումով ևս աննախադեպ ոչինչ չկար. լարվածության թուլացման և սահմանագծին միջադեպերի կանխարգելման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու հարցերում Ադրբեջանը չի առարկել։ Ու դա ևս նորություն չէր. Ալիևը միշտ էլ այդ հարցերի առնչությամբ արտաքուստ պատրաստակամություն է հայտնել, ուղղակի, այս անգամ մի քիչ զուսպ է գտնվել ու քննարկումներին զուգահեռ սահմանային միջադեպեր նախաձեռնելու հրահանգ չի տվել Ադրբեջանի զինված ուժերին (երևի դեռ ուզում է ճանաչել Նիկոլ Փաշինյանին և կանխատեսել, թե նման դեպքում ինչ պատասխան գործողություններ կլինեն հայկական կողմից)։

Իսկ ահա այն, ինչ տեղի ունեցավ ադրբեջանական լրատվադաշտում, զարմանալի էր։ Նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, թե ինչ են քննարկել ինքն ու Ալիևը Դուշանբեում, Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը Փաշինյան-Ալիև քննարկման մասին տարածեց հաղորդագրություն, որի բովանդակությունը, ըստ էության, համընկավ ՀՀ վարչապետի ասածներին։

Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ոչ ֆորմալ հանդիպումից հետո սահմանից վատ լուրեր դեռ չենք ստացել (Աստված տա, որ չստանանք էլ), բայց Իլհամ Ալիևի հավաստիացումներին դժվար թե որևէ մեկը հավատ ընծայի։ Թե որքան կտևի այս՝ համեմատաբար հանգիստ իրավիճակը, չենք կարող ասել, բայց որ կարմիր կովը կաշին չի փոխում, միանշանակ է։ Ուստի բազմամյա դառը փորձն աչքի առաջ ունենալով՝ մեզ մնում է պատրաստ լինել ցանկացած զարգացման։

Արմինե ՍԱՐՈՅԱՆ