ՀՀԿ դիցուհու սեպն ու շեմը

«Մենք դեմ ենք քաղաքացիական բախումներին: Կառավարության ղեկավարը այնպիսի սեպ է խրել հասարակության մեջ, ես գիտեմ ընտանիքներ, որ արդեն բաժանման շեմին են»:
Կարինե Աճեմյան ՀՀ ԱԺ խմբակցության անդամ

Ինչպիսի՜ երկրափրկիչ մտահոգություն, որպիսզի՜ խռովահույզ մտատանջանք` ՀՀԿ-ն դեմ է քաղաքացիական բախումներին: Երի՜ցս ճիշտ է ՀՀԿ-ն, զի սովոր է, որ ՀՀ քաղաքացիները մշտապես բախվեն բացառապես իրենց սադրած խոչնդոտներին, բախվեն և անելանելությունից խելքամղված տապալվեն, տապալվեն և տապակվեն անյուղ թավայում և ելք փնտրեն` կամ՝ արտագաղթել, կամ էլ՝… ՀՀԿ-անալ (մեծամասամբ ընտրվում է արտագաղթի տարբերակը):

Իսկ Կարինե-դիցուհի Աճեմյանի անելիքը ճշտելու նպատակով Ագարակի քաղխորհուրդը մեծարգո Սեթ Գմփոյանիս նախագահությամբ արտակարգ մի նիստ գումարեց Մելիք-Ադամյան-8 որբևայրի շենքի տանիքում, այնուհետև խարույկ վառեց, թանապուր եփեց, ախորժակով ճաշակեց և արձանագրեց սույնը` Կարինե-դիցուհի Աճեմյանին նշանակել ՀՀ ընտանեկան հաշտարար և հանձնարարել իրեն ծանոթ սեպախրված ընտանիքների սեպերը հանել, ժողովել, հաշվառել և հանձնել ՀՀԿ տատիկին: Ի պահ:

Եվ այդուհանդերձ ագարակի քաղխորդի անդամներիս համար մի հարց է մնում անպատասխան, որն ուզում ենք սույն ՀՀԿամոլ տիկնոջից ճշտել` ո՞ր շեմում էին հայտնվել երկրիս ընտանիքները ՀՀԿ մենիշխանության տարիներին: Քայքայման և տարալուծման շեմի՞ն, թե՞ այնուամենայնիվ միաձուլման ուղու վրա:

Պարզաբանիր, պաղատում եմ…