«Հարուստ և հսկայածավալ Ռուսաստանում ես կարող էի այդ գումարները ձեռք բերել, իսկ հարցրե՞լ եք աղքատ ու փոքրիկ Հայաստանի նախագահին, թե Հայաստանում ինչպե՞ս է կարողացել միլիարդներ կուտակել»:
Բորիս Բերեզովսկի

Հանգուցյալ Բերեզովսկու մատնանշած նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Նրա նախորդը միլիարդներ, անկասկած, չի կուտակել. երկրակողոպտման հնարավորությունները 1991-98-ին սահմանափակ էին: Բայցևայնպես Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա քաղհենարան ՀՀՇ-ին լիակատար հաջողվեց միլիարդների վնաս հասցնել նորամանուկ հանրապետությանը` թե՛ տնտեսապես, թե բարոյապես:
Քոչարյանի հետնորդ Ս. Ս.-ի 10-ամյա մղձավանջային նախճիրի մասին ոչինչ չասենք, ամեն բան ակնհայտ է և ջրի երեսի վրա է (թե դեռ ինչեր դուրս կգան ջրի երես, ցույց կտա անգութ ժամանակը): Բայցևայնպես «ՀՀ նախագահի մասին» գերտխրահռչակ օրենքով կապանքված ներկա կառավարությունը առանձնատուն է փնտրում Ս. Ս.-ի համար:
Ընդ որում՝ շքեղ առանձնատուն:

Ավելի վաղ առանձնատներ են հատկացվել Ռ. Ք.-ին և Լ. Տ. Պ.-ին: Վերջինս բնակվում է հանրահայտ «Սև շենքում», Հրազդանի կիրճի եզրին, Ծիծեռնակաբերդի անտառի լանջին: Լ. Տ. Պ.-ի դղյակ-առանձնատան դիմաց խոյանում է Եղեռնի հուշակոթողը, թիկունքում էլ հուսամ-կարկաչում է Հրազդան գետը, որը հավանաբար ապշահար է այս քաղաքակիրթ եղեռնագործությունից: Այդ սույն ազգընտրյալն առաջնորդն էր, որ գցեց նորհայկական ավազակապետության թունաշաղախ հիմքերը, սակայն նորամանուկ հանրապետությունը նրան պահում-պահպանում է, հսկում է նրա անդորը, սնում է լիառատ և այլն:

Ռ. Ք.-ն և Ս. Ս.-ն Լ. Տ. Պ.-ի հավատարիմ հետնորդներն են, որոնք վերջինիս գեր-գերազանցել են ահասարսուռ լկտիության, ահարկու թալանի և անսքող թունամտության տեսանկյունից:

Ե՞լքը:
Ելքը՞… մեկն է: Դիմելով խորհրդարանին՝ գործող կառավարությունը պետք է չեղարկի «ՀՀ նախագահի մասին» օրենքը և մինչև նրանց ներկայացվող վերջնագիրը (այն նշված է Henq.am կայքի 22.09.18 թվագրությունն ունեցող «Երկիրը ճորտության ու ուզվորության, կողոպուտի ու ցինիզմի բացիլներով հեղեղածները» նյութում) պարտադրի լքել առանձնատները և ընտանյոք հանդերձ ապրել թեկուզ «Երևանյան լճի» ափին, վրանային ժամանակավոր ավանում:

                                                                                                                      Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ