ՀՀԿ ԳՄ-ն վերջն արժանացավ Սերժ Սարգսյանի ներկայությանը: Խոսեց ամիսներ լռած իրենց առաջնորդը: Թե ի՛նչ ասաց, չասին. սրտները լցված էին, կամ ասելու բան չէր: Շարմազանո՛վն անգամ նիստից հետո լռեց: Շարմազանովը ոչ մի բառ չասի՞ լրագրողներին: Շարմազանովը հրաժարվի՞ նիստը մեկնաբանելուց: «Խնձոր եզը հրաժարվի՞». կամ «հակահեղափոխականնե՛րն են թունավորել» կամ «էս դժվար կյանքից է հոգնել»

Առաջին անգամ պատմության մեջ ՀՀԿ ԳՄ նիստի մասին տեղեկատվությունը ոչ թե երբեմնի անհա՜ղթ Հ1-ի ծնծղաներով ու զուռնա-դհոլով, այլ ընդամենը ասեկոսեների շնորհիվ տարածվեց: ՀՀԿ-ն չըլնի՞ ընդհատակ մտավ. չըլնի՞ ամոթու գետինը մտավ: Ասում են՝ Սերժը Ագռավաքար մտած Մհերի՝ շատ զարհուրելի-փշաքաղող ձայնով ասել է՝ արձագանքի հետ խառնված ձայնով. «Նիկոլին լսե՜ք. ինքը սխալ բան չի ասում, Նիկոլն էլի… ճիշտ ա, իսկ ես ինչ ասում եմ, սխա՜լ ա»…

Ասում են նաև՝ ՀՀԿ-ն կողմ է արտահերթ ընտրություններին, բայց ոչ «շա՜տ արտահերթ»: Չհասկացա՞ք: Հազա՜ր ներողություն, բայց ինչ հասկացա՝ էն եմ ասում:Երևի ուզում են ասել, թե իրենք կողմ են արտահերթ ընտրություններին, բայց, հետն էլ, ենթատեքստից մի «ճնշված-հարստահարված» միտք է աղաղակում, թե՝ «Ի՞նչ կըլնի, անխիղճներ, ո՞ւր եք վռազում, թողեք մի քիչ էլ պատգամավոր մնանք, ինչի՞ եք էդպես ձեռ ու ոտ ընկել: Արտահերթ ընտրությունները հո չփախա՞ն: Թողեք մի քիչ ինքներս մեզ մեր էդ գլխի գալիքին նախապատրաստենք, որ գոնե հեշտ լինի, ու պատրաստ լինենք, երբ գալիքն էդ գա: Մենք ախր ձեր ոչ մի գործին ու նախաձեռնությանը բնավ չենք խոչընդոտում, ինչո՞ւ դուք էլ մեզ ընդառաջ չեք գալիս, ինչո՞ւ մի քիչ խիղճ չեք ցուցաբերում»:

Մի խոսքով՝ ՀՀԿ-ն կամ համաձայն է արտահերթ ընտրությունների կամ համաձայն չէ, կամ պատրաստվում է իրենց գլխի էդ գալիքին կամ՝ չէ: Ոնց որ Թումանյանը կասեր՝ «Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց ոոգով, թրով-թվանքով որսի գնացինք (ՀՀԿ-ն գնում է ընտրությունների)։ Հադին էր (Սամվել Ֆարմանյանը), Հյուդին էր (Ահարոն Ադիբեկյանը), Չատին էր (Արմեն Աշոտյանը), Մատին էր (Գալուստ Սահակյանը), հերս էր (Սերժ Սարգսյանը), ես էի (Էդիկ Շարմազանովը), գնացինք որսի (արդեն ասի՝ ընտրությունների՛):

Սարեր, ձորեր դուզ գնացինք (առանց մեռելների, առանց «Գազելն»-երի», առանց Հայաստանում վաղուց չբնակվող «գաստրաբայթերների» ընտրությունների հեռանկարը՝ ՀՀԿ-ի համար) որտեղ որս կար՝ սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզ ու կուզ գնացինք (ՀՀԿ-ն՝ ընդհատակում)..:

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ (ՀՀԿ ապագա ընտրարշավի ֆինանսավորման հիմնական աղբյուրները). երկուսը ցամաք, մնի մեջ էլ ըսկի ջուր չկա։ (ՀՀԿ օֆշորները՝ ԱԱԾ-ի հայտարարած միջազգային հետախուզությունից հետո) Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սպիտակ բադ (Միհրան Պողոսյանն ու իր վստահելի անձինք), երկուսը սատկած են ու, մինն էլ կենդանի չի։

-Հադի՛ (Սամվել Ֆարմանյա՛ն), տո՛ւր հա, տո՛ւր։
Թե՝ թվանք չունեմ (առաջ մի դիվիզիայի՛ թվանք՝ Հ1 ու զանազան այլ եթերներ ուներ)։
-Հյուդի՛ (Ահարոն Ադիբեկյա՛ն), տո՛ւր հա, տո՛ւր։
-Ես էլ չունեմ (առաջ մի դիվիզիայի թվանք՝ սուտ հայտարարած «ռեյտինգ» ու տոկոս ուներ)։
-Չատի (Արմեն Աշոտյան)... Մատի (Գալուստ Սահակյան)...
-Մենք էլ չունենք։
-Բա ի՞նչ անենք (հիմի ասե՜լ էի՝ ի՛նչ անեք, ափսոս Լեզվի տեսչությունը դրան դեմ կըլնի)...
Հորս (Սերժ Սարգսյանի) ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար (Սերժի այսօրվա վարկանիշը). երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց (Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարում է, թե Նիկոլին լսեք, թե Նիկոլն էլի ճիշտ է, իսկ ինքը՝ սխալ)... Նա կրակեց, ես զարկեցի, որ զարկեցի՝ փռվեց էսպես՝ ամեն թևը հինգ գազ ու կես (Սերժ Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ վաղվա ընտրացուցակը)...
-Հադի (Սամվել Ֆարմանյան), դանա՜կ (Հ1-ի ու մյուս եթերների քարոզչությունը՝ ՀՀԿ-ի օգտին)...
Թե՝ դանակ չունեմ։
-Հյուդի (Ահարոն Ադիբեկյան), դու...
-Ես էլ չունեմ (Ահարոն Ադիբեկյանի սուտլիկ թվերը… «սոցիոլոգիական»)։
-Չատի՞ (Արմեն Աշոտյա՞ն), Մատի՞ (Գալուստ Սահակյա՞ն)...
-Մենք էլ չունենք (Բա դատարկ ձեռով, դատարկ գլխով ո՞ւր եք գնում, տղե՜րք ջան)...
Հերս էլ (Սերժը) ունի, բերան չունի։
Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի։ (Մի խոսքով՝ տղերքը գալիք էդ ընտրությունների արդյունքներում հանգրվանում են… ստորակետից հետո):

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ (Իրենց հավաքելիք երազյալ տոկոսների մասին է) Հադին շալակեց, չկարաց, Հյուղին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք։ (Մի խոսքով՝ տղերքի լեզվով ասած՝ լրիվ «զապադլո»):

…Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ (ՀՀԿ-ի օգտին միշտ քվեարկած ու ապագայում քվեարկելիք ընտրակոնտինգենտը), երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա: Էս անշեն գյուղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք (ՀՀԿ ԳՄ-ն), մեջը երեք պառավ (ՀՀԿ ԳՄ անդամները) երկուսը մեռած, մինի բերանումն էլ շունչ չկա:

«Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք»: (ՀՀԿ ԳՄ-ն նորից նիստ է անում ու ամփոփում ապագա ընտրությունների արդյունքները):

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը ծակ, մինն էլ իսկի տակ չունի: Ջուրը լցրեցինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք (ՀՀԿ-ն հաշվետվություն է ներկայացնում արտահերթ ընտրություններում իր հավաքած տոկոսների մասին): Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը: (ՀՀԿ-ի ապագա հավաքելիք տոկոսները): Որսից եկած սոված մարդի՜կ, կերա՜նք, կերա՜նք, ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ