«Իրանը ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում պարզապես լակմուսի թղթի դեր է կատարում կամ արդեն կատարել է, որովհետև, որքան հասկանում եմ, Միացյալ Նահանգներ-Հին աշխարհամաս հարաբերություններում առկա խնդիրները և տեղի ունեցող գործընթացները չեն տեղավորվում «միայն Իրանի համար կամ Իրանի միջուկային գործարքը փրկելու» համատեքստում. դրանք ունեն ավելի գլոբալ նշանակություն», -ՄԱԿ-ի 73-րդ նստաշրջանի ընթացքում տված հարցազրույցում շեշտել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Նրա խոսքով՝ եթե եվրոպացիները կարողանան ստեղծել ֆինանսական մի համակարգ, որը կկարողանա գործել անկախ և հաշվետու չի լինի Միացյալ Նահանգներին, դուրս կգա վերջինիս, այսպես ասած, սահմանած ֆինանսական-ոստիկանական ռեժիմի տակից։ Այդ դեպքում արդեն Եվրոպայի մոտ յոթ հեղինակավոր և առաջնային բանկերը, ստանալով ֆինանսական անկախություն, կկարողանան ծավալել իրենց հետագա գործունեությունն Իրանի հետ։

Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ ֆինանսական նոր համակարգին, Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին պարզաբանում է, որ այն նախատեսված կլինի ոչ միայն Իրանի համար։ Այս համակարգից կկարողանան օգտվել բոլոր ցանկացողները, պարզապես մի նրբություն կա․ բոլոր գործարքները պետք է կատարվեն բացառապես եվրոյով։

                                                                                                    Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ