Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ճնճղապաշարով չբավարարվեցին ու դժգոհեցին անգամ «ճնճղուկ» կուսակցությունները, ուր մնաց, որ էդ ճնճղապաշարով բավարարվեին ու չդժգոհեին «արծիվ» ու «բազե», ինչու չէ, նաև «ճերմակ աղավնյակ», բայց և «սև ագռավ» ու «սև կաչաղակ» կուսակցությունները:

Ընդսմին՝ ամեն մեկն իր այդ դժգոհությունն արտահայտում է ուրո՛ւյն, յուրովի՛: Ոնց որ ռուսներն են ասում. «Каждый по-своему с ума сходит»:

Ըստ իրենց հավաքած ճնճղապաշարի՝ ընտրություններին մասնակցած (կամ չմասնակցած) կուսակցություները ահա թե ինչպես «դիսլակացվեցին»՝
3-րդ լիգա - Ստորակետից հետո հանգրվանածները: Սրանց լավն այն է, որ պրոբլեմային չեն. ինչպես ընտրություններից առաջ էին խելոք-անվնաս, այնպես էլ ընտրություններից հետո են խելոք-անվնաս:
2-րդ լիգա - Ստորակետից առաջ «1» ստացածները: Սրանց վատն այն է, որ շատ են մաղձոտ ու պոտենցիալ ագրեսիվ: Սրանց ձեռը ճար եղավ՝ կմիանան ռևանշիստներին, ճար չեղավ՝ վայ թե սկսեն… խմել:
1-ին լիգա - «1»-ից ավելի, բայց իրենց պատկերացրածից անհամեմատ քիչ «ճնճղապաշարի» արժանացածները: Սրանք մի քիչ կաղաղակեն, ապա նորից կգնան Նիկոլի… դուռը: Չգնալ չեն կարող, քանզի ուրիշ տեղ չունեն գնալու՝ բացի Նիկոլի պատուհանից ու Նիկոլի երդիկից, որոնց անհրաժեշտությունը կառաջանա, եթե Նիկոլը դրանց իր դռնից հանկարծ ներս չթողնի:
Բարձրագույն լիգա - Բնականաբար, մենակ… Նիկոլը:

Ոչ մի լիգայի մեջ չընդգրկված ՀՀԿ-ն, որքան էլ զարմանալի հնչի, ամենից կանխատեսելին ու կոնկրետ ապագայով օժտված կուսակցությունն է: Այս կուսակցության անդամների զգալի մասը շուտով կամ «կմիգրացվի» այլ կուսակցություն՝ ՀՀԿ-ն նորից հանձնելով թալանված-խաբված ու լուսահոգի տիրոջը՝ Աշոտ Նավասարդյանին, կամ «կէմիգրացվի»: Ով օֆշոր չունի, «կմիգրացվի», ով օֆշոր ունի, «կէմիգրացվի» իր «հայրենի» օֆշոր: Ու այդուհետև Աշոտ Նավասարդյանին «ողորմի» տալիս «ողորմի» կտան նաև իրենից հանիրավի խլված ու «օկուպացված», բայց վերստին իր քով հետ վերադարձած իր կուսակցությանը:

Ժողովրդական շարժմանն հակընդդեմ ոչ ոք ո՛չ կհամարձակվի անգամ քայլ անել, ո՛չ էլ ուժ ունի՝ նման քայլի: Որ ոտը փորձեց էդ քայլը անել, էդ ոտը տեղում խնամքով կառնեն ու… գիպս կդնեն:

Ըստ այդմ՝ շուտով կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, ու դուք կհասնեք ձեր մուրազին, մենք էլ՝ մեր մուրազին: Հետո երկնքից երեք հրովարտակ կընկնի. մեկը օլիգարխիան որպես դասակարգ վերացնելո՛ւ հրովարտակը, մյուսը դրանց թալանածը հետ վերադարձնելո՛ւ հրովարտակը և երրորդը, որն այդ երկուսից փոքր-ինչ ավելի ուշ կընկնի, Հայաստանը նորից… նախագահական հանրապետության վերադարձնելո՛ւ հրովարտակը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ