«Ուրեմն երբ որ ես առաջին անգամ հայտնվեցի ԵԱՏՄ երկրների ղեկավարների միջավայրում, որտեղ դուք գիտեք էնտեղ նիստը 2 մաս ունի. մի մասը դռնփակ է, մի մասը դռնբաց է… Հեղափոխությունից հետո նոր, առաջին անգամ վարչապետի կարգավիճակում հայտնվել եմ ԵԱՏՄ երկրների դռնփակ նիստում, և, անկեղծ ասած, ինձ համար, ըստ էության մի… շոկային տեսարան բացվեց: Ինչո՛ւմն էր էդ շոկը: Որ ես տեսա էդ սեղանի շուրջ ի՛նչ բանավեճ է տեղի ունենում և ինչպիսի կրքո՛տ բանավեճ, որը… որը ինձ… ինձ… ինձ ուղղակի… ինձ ուղղակի ցնցեց, ցնցեց, որովհետև, ասում եմ, էդ նիստերի դռնբաց մասում տեսարանն այդպիսին է. բոլորը ելույթ են ունենում, բոլորը համաձայն են, ամեն ինչ կարգին է, և այլն… Բայց իրականում այդ դռնփակ մասերում աներևակայելի բուռն քննարկումներ են տեղի ունենում, աներևակայելի՜ բուռն»…

Նիկոլ Փաշինյան

Բա՛, Նիկոլ ջան, տենց երկերեսանի բան է քաղաքականությունը. դռնբաց իրար էրեսի ժպտում, դռնփակ իրար հեր են անիծում: Իսկ քեզ թվում էր՝ հրեշտակների կոնսիլիո՞ւմ են քեզ հրավիրել:

Զորօրինակ, քեզ հյուրասիրող էդ ծեր աղվեսը՝ Էմոմալի Ռախմոնը. հենց իրա երկրի գլխին աֆղանական ու դրանց համակրող ներքին գրոհայինների վտանգն էր կախված, հենց իր երկիրը էն օրն էր ընկել, որ ժամերի հարց էր իրենց կրախը, ինքն էդ ժամանակ էմոմալի Ռախմոնով էր: Հենց ռուսներն օգնեցին իրեն, էդ նեղ վիճակից մի կերպ դուրս եկավ, հենց գործերը լավացան, Ռախմոնովը տեղում դարձավ Ռախմոն. ռուսին էլ մոռացավ, ռուսի ավանդն էլ, իր ռուսական ազգանունն էլ: Իսկ հիմա արդեն մի հատ իսկական էմիր է ինքը, մի հատ փադիշահ, դրա համար էլ էդքան ինքնավստահ է իրեն պահում ու քեզ հարցնում, թե ոնց քնեցիր: Հա, ի միջի այլոց, էդ աղվեսն ի՞նչ էր էդպես ակնարկում. չըլնի՞ դրա հետ մինչև ուշ գիշեր լվացք եք արել, ու դրա համար առավոտ քեզ ակնարկում էր, որ գուցե հարկավոր է… ցայե՞լ:

Կամ էն մյո՛ւս արևելյան՝ ավելի՜ խորամանկ ծեր աղվեսը՝ Նազարբա՛ևը: Դրա հետ՝ զգո՜ւյշ, դա էս աշխարհի ամենախորամանկ մարդն է՝ մեր Գալուստից հետո. իրան միշտ դնում աղունիկի տեղ, բայց մութ տեղերում ուրուրի նման իր որսն է անում: Չի եղել անգամ մի հարմար առիթ, որն ինքը բաց թողնի ու մի հատ քար չնետի մեզ հասցեագրված:

Ինչ վերաբերում է Բածկային, ապա սա էլ է կերպար, բայց ոչ թե Շահերեզադեի հեքիաթներից ելած, այլ Գոգոլի գրածներից: Ինքն իրանից գոհ, սա՜ղ աշխարհից դժգոհ, ու էդ վիճակում է ամեն Աստծու օր…

Իսկ էդ Մոլդովայի նախագահն էլ ի՜նչ խոսք որ տվեց, աղաչում եմ, չհավատաս. դրա ձեռը ոչ մի բան չկա, ոչ մի ճար չկա, ոչ մի իշխանություն ու լծակ չկա: Դա չի կարող անգամ իրա երկրից էրկու շիշ գինի մեկին նվիրի. վրեն գործ կբացեն…

Այ Թուրքմենբաշի 2-րդի՜ ձեռը ամեն բան էլ կա: Ինքն իրա երկրում մի հատ սուլթան է: Բայց դրան էլ իրա անփոխարինելիության կատաղի բարդույթը էնքան է տարել, երկինք հասցրել, որ ահագին ջանք ու ժամանակ է պետք, որ դրան հետ բերես, նոր գործից խոսես…

Հասանք, Վլադի՛միր Վլադիմիրովիչին: Պո՛ւտինին: Այ ստեղ անգամ ես քեզ օգնական չեմ, հարգարժան Նիկոլա՛յ Վլադիմիրովիչ ջան, այ ստեղ քեզ արդեն՝ Աստվա՛ծ օգնական, քանզի թե ինքն ինչ բնավորություն ու խառնվածք ունի, և, ամենակարևո՛րը, ինչ կա իր մտքին, էդ մասին միայն ինքն Աստվա՛ծ գիտի…

Իսկ ինչ վերաբերում է Թրամփի հետ մինչ էդ Նյու Յորքում կայանալիք հանդիպման չկայանալուն, ապա հաստատ Պուտինը չէր թողել: Քե՜զ չէ, Նիկո՛լ ջան, ես գիտեմ, որ Պուտինը քեզ ոչ կարա թողնի, ոչ էլ չթողնի: Թրամփի՛ն չէր թողել: Չէր թողել, որպեսզի էն, ինչ Թրամփի՛ կողմից պետք է քեզ ասվեր, սկզբնաղբյուրի՛ կողմից քեզ ասվեր՝ Պուտինի՛ կողմից. օ-քե՞յ, Նիկո՛լ ջան…

Իսկ առհասարակ Նյու Յորքն ու Դուշանբեն իրարից ոչ մի բանով էլ չեն տարբերվում. էրկուսն էլ մեզ համար «սատանի մայլա» են: Մանավանդ… քեզ համար:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ