Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիա այցի ժամանակ պետք է պատրաստ լինի սառն ընդունելության: Այս մասին CNN-ի կայքում գրում է Chatham House-ի թուրքագետ Ֆադի Հակուրան: Նրա խոսքով` եղածն անցյալում թողնելու եւ ամեն ինչ նորից սկսելու մասին Էրդողանի հույսերն ամենայն հավանականությամբ հօդս կցնդեն: Բազմաթիվ գերմանացիներ, անկախ անձնական քաղաքական հայացքներից, հակակրում են Թուրքիայի բացարձակապաշտ առաջնորդին. նրանք հազիվ թե մոռացած լինեն, թե ինչպես վերջինը նախորդ տարի Գերմանիայի պաշտոնյաներին համեմատեց նացիստների հետ: Ոչ էլ կմոռացվեն նրա հրահրող ակնարկները` ուղղված Գերմանիայում ապրող 3 միլիոն թուրքերին` նրանց հորդորելով չընտելանալ Գերմանիայի վարքուբարքին:

Փորձագետի խոսքով՝ մի շարք գերմանացիներ Էրդողանին կմեղադրեն ժամանակին միջոցներ չձեռնարկելու եւ 2015թ. Սիրիայի փախստականների մեծ հոսքը չկանգնեցնելու մեջ: Հունական մամուլը հայտնել էր, որ նա սպառնացել է 2015թ. Եվրոպան փախստականներով հեղեղել, եթե իրեն չօգնեն փախստականների ճգնաժամը լուծել: Հեղինակի կարծիքով, հենց այս պատճառով էլ Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան հակաիսլամական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համար ճանապարհ բացվեց, եւ վերջինը 2017 թվականին հայտնվեց Բունդեսթագում:

Թերևս Գերմանիայի պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ Էրդողանի հետ միանշանակ կապեր խզելը Գերմանիայի շահերից չի բխում: Բեռլինը գնահատում է Թուրքիայի ջանքերը, որպեսզի դադարեցվեն հետագա պատերազմական գործողությունները Սիրիայի Իդլիբ շրջանում: Գերմանիան նաեւ խոշոր տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ. այն Թուրքիայի երկրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է, որի` Թուրքիայում գործող 7500 ընկերությունները կարևոր տեղ են զբաղեցնում 2017 թվականին միլիարդավոր դոլարների երկկողմ առևտրում:

Գերմանիան կարծես այլ ելք չունի, քան Թուրքիայի հետ համագործակցելը, որպեսզի պաշտպանի իր առեւտրային շահերն ու զսպի փախստականների հոսքը Եվրոպա: Այնումենայնիվ, Ֆադի Հակուրայի կարծիքով, Գերմանիան չի ցանկանա օգնության ձեռք մեկնել Թուրքիային այժմյան տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: Ոչ էլ կհանի իր դրած վետոն` թույլ տալով նորացնել ԵՄ-ի և Թուրքիայի միջեւ 22 տարվա մաքսային միությունը:

Կարո՞ղ են արդյոք գերմանացիները մոռանալ Գերմանիայի հանդեպ Էրդողանի անբարյացակամ վերաբերմունքը, ինչպես նաեւ ձերբակալված գերմանացիների մի մասին ազատ չարձակելը: Չնայած, Էրդողանն էլ իր հերթին է գուցե դառնացած 2016 թվականին իր դեմ կատարված հեղաշրջման փորձի հանդեպ Գերմանիայի անտարբեր վերաբերմունքից:

Հատկանշական է, որ Թուրքիայում ողջունում էին անցյալ տարի Գերմանիայի հասցեին Էրդողանի հրապարակավ հնչեցրած սպառնալիքները: Գուցե նա մի օր փոշմանի՞, որ այդպես վատաբանել է մի երկրի, որից այդքան շատ է կախված. թուրքագետը նույնպես հակված է այդ կարծիքին. «Նա մի օր կհասկանա ամերիկացի դրամատուրգ Վիլսոն Միզների հետեւյալ խոսքերը. «Բարձունքի ճանապարհին մարդկանց լավ վերաբերվեք: Դուք դեռ նրանց կտեսնեք, երբ վայր իջնեք։ Սակայն արդեն ուշ կլինի»։

                                                                                          Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ