«Մեկ քաղաքական միավորի 80%-ից ավելի քվե ստանալը վկայում է պոտենցիալ վտանգի եւ հետընթացի մասին»:
Զարուհի Փոստանջյան

Իսկ ի՞նչ է վկայում մեկ քաղաքական միավորի 1,39 %-ից ոչ ավելի քվե ստանալը:
Գուցե վկայում է, որ այդ քաղաքական, տառացի՛, միավորը քաղաքական դաշտում անելի՞ք չունի:
Ա՞յս պարագայում ինչ եք առաջարկում պատվակա՜ն, հարգարժա՜ն տիկին Փոստանջյան:
Ո՞ւր է ձեր ինքնավերլուծականը:
Ո՞ւր է «կատա՜րսիսը»:

Ո՞վ ձեզ այսուհետև անգամ այդ միավորը՝ 1,39 %-ը, կվստահի, եթե դուք ձեր ընտրաձախողման պատճառ եք համարում բոլորին, անգամ ընտրողներին ու բացառում մեկին՝ «Երկիր ծիրանու» «հասած» ծիրանին: Ախր բանն այն է, որ էդ ծիրանը ոչ հասել է, ոչ էլ երբևէ կհասնի, քանզի ի՜նչ անում են՝ «ցոգոլի» ստադիան ինքը չի անցնում:
Ու հիմա ձեր աշխատանքի պտուղ էդ «ցոգոլն» ուտում եք, ասում՝ թթու է, բերան ու երես ծամածռում ու թթուն ճաշակելու մուռն էլ դեռ թափում ուրիշների վրա, ուրիշների՛ն համարում մեղավոր, որ ձեր պտուղն էդպես խակ ու թթու է:
Ախր բանն այն է, որ բանի նման չէ: Բանն այն է, որ նման «ցոգոլ», նման խակ ապրանք միայն ձերը չէ. հրե՜ն շարվել են՝
0,19;
0,22;
մի հատ է՜լ՝ 0,22;
0,69;
0,75;
0,82 տոկոսանոցները:

Արժե՞ր էսքան ախր մանրանալ: Արժե՞ր էնքան մանրանալ, որ գնալ «ստորակետից» է՛ն կողմ հանգրվանել-մնալ: Ձերը սրանցից ախր քիչ է տարբերվում. ձեր ստորակետից առաջ էլ ախր մի հատ մենա՜կ, վտի՜տ «մեկ» է… 692 ձայն, 792 ձայն, 799 ձայն. ախր սրանք մի բազմահարկ շենքում տեղավորվելիք թվաքանակներ են:
Ձերը, հա՛, դրանցից մի քանի անգամ շատ է, բայց, էլի՜, հո ЖЭК-ի գրասենյա՞կ չէին ընտրում մարդիկ:
Հսկայական քաղաքի ավագանի էին ախր ընտրում:

«Մատնաչափիկը» ելել-գնացել, «Գուլիվերի» հետ մրցույթ էր մտել, քիչ էր, դեռ մատչ-ռևանշ է հիմա պահանջում, ելել, պատիվ է պահանջում, իր ձախողման համար համապատասխան պատճառ որոնում: Ոնց որ էդ նույն «Մատնաչափիկը» էդ նույն «Գուլիվերի» հետ մրցելուց հետո, գա, գանգատվի, թե էդպես չի կարելի, թե էդքան խոշոր չի կարելի լինել, թե դա «վկայում է պոտենցիալ վտանգի եւ հետընթացի մասին»: «Պոտենցիալ վտանգն ու հետընթացն» այն է , որն ասվեց. ստորակետից առաջ մի հատ «մեկ» ստացաք, բայց էդ գործում ձեր սեփական մեղքը բնավ չտեսաք:
Իսկ մի ուրիշն էլ մեծ տոկո՞ս ստացավ:
«Անհարմարության» աստիճանի մե՞ծ:
«Ոչ ժողովրդավարակա՞ն» աստիճանի մեծ:
Էդ տոկոսը որ ձերը լիներ, էլի՞ «վտանգավոր ու հետընթաց» կլիներ, թե՞ էդ դեպքում արդեն շատ նորմալ, «հարմար» ու շա՜տ «ժողովրդավար» տոկոս կլիներ…

Ժողովրդական շարժո՛ւմ է, տիկի՜ն, այդ շարժման բուռն զարգացման պա՛հն է, իսկ Դուք ուզում եք, որ միակարծիք չլինե՞ն մարդիկ: Համախմբված ու վերջապես իրենց՝ տասնամյակներ շարունակ ճնշված կամքն իշխանությանը թելադրած մարդիկ ուզում եք չլինե՞ն հիմա համակարծիք:
Էյֆորիա՞ է:
Հա՛, էյֆորիա է:
Բայց ավելի լավ է «էյֆորիա» լինի, քան հոտած ճահիճ, որտեղ թե ձայն կա, դոդոշն է կռռում:
Իսկ սա զարթոնք է, կանուխ առավոտ, թռչունները զարթնել են, այո՛, էյֆորիայում Աստծո լույս տեսածի բերկրանքն են էդպես դրել-արտահայտում: Երգում, ճռվողում, իրենց մի ամբողջի մասնիկ են զգում: Դրա համար էլ, իրար դաշն, իրար ձայնակցելով, իրենց բերկրանքն են այդկերպ արտահայտում: Իսկ էդ բերկրանքի պահին հնչած գանգատն ու դժգոհությունն էլ գիտե՞ք ինչի՛ են նման, պատվակա՜ն, հարգարժա՜ն տիկին. էդ նույն առավոտ կանուխ, մարդկանց համար միշտ տհաճ ու չարագույժ, վաղորդյան էդ էյֆորիան իրենով հարամող ագռավի կռավոցի՛ն, տիկի՛ն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ