Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին Երևանում կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի ավան։ Ազատության հրապարակում տեղակայված ավանում ֆրանկոֆոն յուրաքանչյուր երկիր հանդես կգա առանձին տաղավարով։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներն այդ օրերին հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստը։ Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ավանում ներկայացված կլինեն Հայաստանի մարզերն ու մայրաքաղաք Երևանը նույնպես։ Առանձին տաղավարը, որը կտրամադրվի Երևանին, հյուրերին «կպատմի» մայրաքաղաքի անցած ճանապարհի մասին՝ Ուրարտուի ժամանակաշրջանից մինչև մեր օրեր:

Ավանը գործելու է գագաթնաժողովի ամբողջ ընթացքում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-12 Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնվել է 1970 թ։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հիմնական առաքելությունը խաղաղությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ֆրանսերեն լեզվի զարգացմանը, անդամ երկրների և կառավարությունների միջև համերաշխության ապահովմանը նպաստելն է։