Հանրածանոթ քրեաօլիգարխ թոխմախի Մհերի հրոսակների մի ջոկատը «թավշյա հեղափոխության» կիզակետում, Երևանի հարավում, ջարդում էր վասն երկրի հիմնանորոգման քայլերթի ելած մարդկանց կողերն ու ողները, արյունոտում էր նրանց քիթ ու բերանը, հետո հայրենյաց քաջարի ոստիկանության ու իրավապահ այլ կառույցների պահնորդական գումարտակների ամենատես աչքերի առաջից անհետանում անտեսանելի ուրվականի պես:

Հանրածանոթ քրեաօլիգարխ Թոխմախի Մհերի հրոսակների երկրորդ ջոկատը կամ մարտական երկրորդ միավորը մայրաքաղաքի հյուսիսում խնդումներես փակում էր փողոցները՝ միանալով համաժողովրդական ցնծություն ապրողների երթին՝ ձեռի հետ էլ, զո՛ւտ պատահաբար, զո՛ւտ քնքշորեն, զո՛ւտ որակավորումը չկորցնելու անմեղ դիտավորությամբ մյուս քրեաօլիգարխների ջոկատների հետ ջանադրորեն փշրելով միտինգավորների կող ու ող՝ չմոռանալով վանկարկել՝ Նի-կոլ, Նի-կոլ:

Զավե՞շտ է:
Բնա՛վ:
Համաժողովրդական ցասման շրջանակներում քրեաօլիգարխը պատրաստ էր ցանկացած քրեական ու քաղաքական ելքի:
Նվիրական Սերժ Ազատի՞չը կմնար իշխանության գլուխ՝ փա՛ռք Ազատիչին:
Նիկո՞լը կգար իշխանության՝ փա՛ռք Նիկոլին ու իր գահին:
Ցանկացած ելքի դեպքում քրեաօլիգարխիայի գերխնդիրը նույնն էր՝ ահռելի գողոն-կապիտալի պահպանումը, անհամար զանցանքների և հանցանքների պարտակումը:

Այստեղ եկեք բարոյական որևէ բան չփնտրենք, քանզի քրեաօլիգարխը ինքնին անբարոյական ու հակաբնական տեսակ է, ինչպես Անգլիայում բուծված և աշխարհին նվիրաբերված բուլտերիեր դիվային շան ցեղատեսակը՝ ցլաշունը: Նորհայկական քրեաօլիգարխիան բուծեց ՀՀՇ-ն, քաղաքական դասի վերածեց Քոչարյան Ռ. Ս.-ն, Վազգեն Զ. Ս.-ն այս կոնտինգենտի մի մասին զինվորագրեց՝ ժողովրդին ակամա պարգևելով ռազմական օլիգարխիատը, որը նրա մահից հետո անցավ հայոց հաղթական բանակի լլկմանը, իսկ Սերժ Ազատիչ Ս. Ա. Ս.-ի գահակալության տարիներին քրեաօլիգարխացվեց իշխող ՀՀԿ-ն՝ բթամիտից մինչև բանական ու հարաբերական բանական:

Այո, չզարմանանք՝ քրեաօլիգարխիկ բարքերով էր ապրում և երկիրը կառավարում-կողոպտում ՀՀԿ-ի կրթյալ և ճառաբան դասը՝ սկսած Գալուստ «Իմաստասերից», վերջացրած Արփինե Հովհաննիսյան գալակտիկոսով ու եթե, դիցուք, Սամվել Ալեքսանյանը քրեաօլիգարխիայի դիմակն էր ու դմակը, ապա դեմքն ու փափկադեմքը Դավիթն է Հարությունյան: Մնացյալք իրենց բազմադեմության մեջ պակաս դիպվածային ու դրվագային չէին: Շմայսը անզուսպ վայրահաչում էր, վերջինիս գունեղ բառային զկռտոցն ու բառաչը թվացյալ լրագրողական ու փաստաբանական հմտությամբ  ու նվիրումով ջատագովում էին  Եսայան Մ.-ն,  Շարմազանով Է.-ն և այլք:

Միով բանիվ՝ Նիկոլ Փաշինյանի հրովարտակումը, թե Հայաստանում այսօր չկան օլիգարխներ, անդառնալիորեն հեռու է իրականությունից: Եվ ահա այս իրազեկմամբ հայտարարում եմ ի լուր ՀՀ վարչապետի, կառավարող ՔՊ-ի և, ամենակարևորը՝ զարթոնք ապրող ողջ հայությանը՝ երկրի փրկությունը ՀՀ քրեաօլիգարխիկ դասի իրական ճանաչումն է, նրա մեկուսացումը հասարակությունից, արտաքսում-վտարումը հանրապետությունից, առհասարակ հայկականությունից: 

                                                                                            Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ