Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գերմանիա կատարելիք այցը դժգոհություններ է առաջացրել գերմանացիների շրջանում: Նրա այցը բոյկոտելու մասին ընդդիմադիր մի շարք քաղաքական գործիչների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հայտարարությանը միացել է նաև Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահի պատվին տրվելիք ճաշին չմասնակցելու մասին Մյուլլերը հայտնել է նախօրեին։ Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ օրեր առաջ էլ կանցլեր Անգելա Մերկելն է այդ մասին հայտարարել։ Միակ ընդդիմադիր քաղաքական գործիչը, ով հայտնել է պաշտոնական ճաշին մասնակցելու պատրաստակամության մասին, Ջեմ Օզդեմիրն է՝ «Կանաչների» կուսակցության նախկին առաջնորդներից: Աղբյուրը նկատում է՝ սա հետաքրքրական է այն առումով, որ Օզդեմիրը նախկինում աչքի էր ընկնում հակաէրդողանական հայացքներով ու Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծերին ցույց տված աջակցությամբ։

Չեղարկվել են նաև Էրդողանի պաշտոնական այցի շրջանակներում տեղի թուրքերի հետ նախատեսված դահլիճային հանդիպումները: Գերմանիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ծրագրված են եղել 3 քաղաքներում։ Բեռլինի ոստիկանությունն արդեն ձեռնամուխ է եղել Էրդողանի անվտանգության ապահովմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին: