Սեպտեմբերի 26-ին ՊԲ արևելյան ուղղությամբ գործող N զորամասի պահպանման տեղամասերից մեկում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը: Միջոցառումը կազմակերպել են պաշտպանական շրջանի բոլոր մարտական դիրքերն ու հենակետերը մշտական ջրով ապահովելու աշխատանքները ավարտին հասցնելու առթիվ, որը իրականություն է դարձել ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանի, Արցախի Հանրապետության կառավարության ու ՊԲ հրամանատարության գործուն համագործակցության արդյունքում:

Առաջնագծում մշտական ջրի առկայությունը էական ազդեցություն կունենա մարտական հերթապահության կազմակերպման որակի բարձրացման վրա, կնպաստի անձնակազմի կենցաղային կարիքները հոգալուն, ինչպես նաև հնարավորություն կտա պլանավորել ու իրականացնել ավելի մեծ ծավալի ինժեներական աշխատանքներ: Հավելենք նաև, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, ֆրանսահայ բարերար Ժակ Մաթոսյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Բարձր պարգևը անմիջապես առաջնագծում հասցեատիրոջն է հանձնել բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը: