Ե՛վ Հայաստանում, ե՛վ Ռուսաստանում քննարկվում է Փաշինյան-Պուտին արդեն չորրորդ հանդիպումը։ Սակայն երկու երկրներում էլ տարբեր են կարծիքներն ու ընկալումներն այդ հարցի վերաբերյալ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ Ռուսաստանի նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան, այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են․ «Ռուսաստանի նախագահի հնարավոր այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ժամկետները հստակեցված չեն: Միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ չասեմ մոտ ժամանակներս, բայց առաջիկայում նման հանդիպում ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»։

Բալայանի խոսքից կարելի է ենթադրել, որ հանդիպումը շուտով լինելու է, երկուստեք անհամբեր սպասում են դրան։ Սակայն, ի տարբերություն նրա, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը կարծես թե հուշել է, որ Պուտինի հայաստանյան այցելությունը Մոսկվայի համար առանձնապես առաջնահերթություն չէ. «Իսկապես, քննարկվել է մեր նախագահի այցը Հայաստան կազմակերպելու հնարավորությունը, բայց հստակ Ժամկետներ առայժմ չեն քննարկվում»։

Ուշակովը նշել է, որ երկու նախագահներն այս տարի դեռ կհանդիպեն Դուշանբեում՝ ԱՊՀ գագաթնաժողովին, ինչպես նաև Աստանայում՝ ՀԱՊԿ նիստին: Բացի այդ, նրա խոսքով՝ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով, որը նույնպես երկու առաջնորդներին զրուցելու հնարավորություն է տալիս:

Սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ այդ գալիք հանդիպումները չեն կարող համեմատվել երկու երկրների ղեկավարների առանձին հանդիպումների հետ. տարբեր են ձևաչափերը, տարբեր են նպատակները։

Ուշակովի խոսքով՝ ավելի խելամիտ է հանդիպմանը պատրաստվել հաջորդ տարի։ Նա նաև հիշեցրել է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել «բոլորովին վերջերս», որի ժամանակ իր իսկ խոսքով ասած՝ նրանք բավականին հանգամանալից ու երկար՝ մոտ 3 ժամ խոսել են։

Մի կողմից հայկական կողմը պնդում է, որ Պուտինի երևանյան այցը պաշտոնական է լինելու, ուստի, այնքան էլ կարևոր չէ, թե Փաշինյանն ու Պուտինն իրար հետ քանի անգամ են հանդիպելու այլ հարթակներում, մյուս կողմից էլ Ուշակովը հասկացնում է, որ հայ-ռուսական այսօրվա հարաբերությունները դեռ այն մակարդակի վրա չեն, որպեսզի առաջնահերթորեն որոշվեն նրանց ժամկետները։ Հետաքրքրական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք անգամ հանդիպել է Պուտինին, ու այդ հանդիպումներից որևէ մեկը պաշտոնական չի եղել։