ՀՀԿ-ն չիք, պրծեալ է, այն այլևս «ֆիկցիա է, միֆ, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն»… Չարենցի հայտնի գործի սարկաստիկ ձևակերպումը մակաբերեցինք, որովհետև զուգորդումներ է աղերսում: Կարծես նման՝ հանրապետականի կորուստը նաիրյան քաղաքին: Եվ հերոսները՝ ծիծաղելի, սնապարծ. Մեռելի Ենոք, Կինտաուրի Սիմոն, ընկեր Վառոդյան, Գեներալ Ալոշ, Քոռ Արութ, էլ չեմ ասում՝ Սևաչյա Պրիմադոննան (որի ականջին վարսավիր Վասիլը միշտ շշնջում է՝ ծիծիկներդ ուտեմ)… Եվ, իհարկե, առաջնորդը՝ Մազութի Համոն, նույն ինքը` Համո Համբարձումովիչը…



Սրանցից որն է ասոցացվում ՀՀԿ-ի առանցքային դեմքերին, թող որոշեն իրենք՝ վերնախավում. երևի կարդացել են «Երկիր Նաիրին»: Դե, իսկ առաջնորդի դերը, հասկանալի է, պատկանում է առաջնորդին՝ «պստիկ մարդուն»:

Որ ՀՀԿ-ն, դեռ մայիսին, նետվեց պատմության աղբանոց, լոկ հանրապետականում չեն ըմբռնում-գիտակցում: Այլապես ինչու հենց վերնախավում են հուսակոտոր ճչում, աղաղակում իրենց գոյության մասին: Հատկապես խմբակցության «մատյան գունդը». թե չէ այդքան «դուրս կտա՞»՝ իրականությունից կտրված…

Այդ ակտիվ համառամիտները նմանվում են ճահճում խեղդվողների, ովքեր քաշում են սեփական մազերից, որ փրկվեն, երանելի ափ դուրս գան:
Նույնիսկ եթե դա հաջողվի, «քաշվելու է» միակ սափրագլուխը՝ հասկանալի պատճառով: Ճահիճը, սակայն, իր «օրենքներն» ունի. խեղդվողը որքան շատ է ճիգ գործադրում, այնքան ավելի է ընկղմվում ճահճում: «Պստիկ պապան», այս ամիսներին ինսպիրացիայով էր զբաղված, սադրում էր գաղտնի ձևով: Հիմա ինչ-որ ճյուղերի (թե ճաղերի) արանքից ծիկրակում է՝ լավ գիտենալով, որ ապարդյուն են բոլոր ջանքերը:

Այս զավեշտաողբերգական իրավիճակի գլխավոր մեղսավորը հենց «պապան» է, ով կարգվեց վարչապետ ու զավթեց կուսակցությունը: Քաղաքական կուսակցությունների պատմության մեջ չլսված իրողություն. մարդը անդամակցում է ու անմիջապես հռչակվում առաջնորդ:
ՀՀԿ-ի ամբողջ կազմի հնազանդ համաձայնությամբ: Զարմանալի էր հնաբնակների պահվածքը…
Հավանորեն այդ պահին հոգելույս Աշոտը Նավասարդյան շրջվեց գերեզմանում: Խորհրդային բանտերում տառապած, անբասիր տղան, ով ստեղծեց հանրապետականը: Հիմնեց` Անկախությունը կապիտալացնելու հավատով:
Տեսանելով-գնահատելով մեծ հայի՝ Գարեգին Նժդեհի կատարած գործը, մտառելով նրա ցեղակրոնության գաղափարը՝ «Ուժն է ծնում իրավունք»:
-Հավատ՝ սեփական ուժերի հանդեպ. հավատը զենք է անկախության ամրապնդման համար», -ասում էր Աշոտը: -Եվ որ հայրենիքը հիմնարկ չէ, որ իշխանավորները անձնական շահ հետապնդեն: 

Սակայն, ինչպես Լենինը փչացրեց Մարքսին, «պստիկ պապան» գրեթե նույն մեթոդով վարի տվեց Աշոտի գաղափարները: Թեպետ ցնդաբանություն է այսօր դա վերլուծաբանել գաղափարի ասպեկտով: ՀՀԿ-ի ասպատակությունը հեռանկարի քայլ էր, պրագմատ հաշվարկ: Կլանը որոշել էր Հայաստանը չզիջել: «Վոինը» իշխանությունը պետք է փոխանցեր «պստիկ պապային». թեկուզ արյունով: Եվ եղավ, եղավ մարտի 1-ը…

Հայաստանի, նրա փխրուն ապագայի վրա «դրսից» խաղագումար դնելու կարիք չկար արդեն: Դեռ երեկ փեյղամբարի մռռոցի տակ կոմսոմոլի կարիերան սկսած «վոինը» ստոր գործարքն արել-ավարտել էր. Հայաստանը ամբողջովին հանձնել էր օտարին՝ Երկիրը ունեզրկած, վասալական կարգավիճակի հասցրած «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով: Եվ եղծվեց դարերով փայփայած անկախության սուրբ գաղափարը, օտարին խոնարհելով մեր ազգային արժանապատվությունը: Հայրենիքը «նվիրեցին» մեզ, երկիրը վերցրին իրենց: Հայը դարձավ կենվոր սեփական տան մեջ: Ի՜նչ կոռուպցիա, ի՜նչ բան. Հայաստանը շրջան առ շրջան, մարզ առ մարզ հանձնել էին պատեհապաշտներին, որոշ տեղերում նույնիսկ քրեական անցյալով մարդկանց: Ժողովրդին հնազանդ պահելու տմարդի մտայնությամբ:
Հոկտեմբերի 27-ը, հնչեղ սպանությունները, մարտի 1-ի սպանդը իշխողներին արդեն չէին հետաքրքրում: Այս ամենի մասին խոսելիս «վոինը» հիմա էլ լկտիաբար չքմեղանում է, նույնիսկ հոխորտում: Արհամարհական: Եվ շպրտում էին՝ «Հայաստանում տղամարդ կա որ…», «Ինչքան ուզենք, էնքան կխփենք…» , և այլն, ևայլն...
Ասում էին սարդոնիկ հաճույքով:



Ղարաբաղի հարցը, որի համար հայ ժողովուրդը մեծ կորուստներ տվեց (և շարունակում է տալ), ասես չէր հուզում սրանց: Հատկապես «վոինին», որ Արցախը դուրս թողեց բանակցային գործընթացից: «Տերերն» ինչ ասում էին, սա հնազանդ իրագործում էր`ի վնաս Հայաստանի, ի վնաս Արցախի: Լուրեր էին պտտվում, որ Մեղրին ուզում էր փոխանակել ինչ-որ «միջանցքի» հետ: Հարևան Իրանը կտրուկ էր, վերջնագրային. դա էլ Հայաստանը փրկեց հերթական աղետից...

Կարող եք չկասկածել, այդ ամենին մասնակից է եղել նաև «պստիկ պապան». հզոր պաշտոններ էր զբաղեցնում: Ականջդ չկանչի առաջին նախագահ. ստեղծեց սուպեր նախարարություն (ներքին գործերինն ու ազգային անվտանգությունը միացնելով), և այնտեղ բազմեցրեց «պստիկ պապային»: Աչքը արժանավոր թեկնածու չտեսավ ողջ Հայաստանում:

Միևնույնն է, տանդեմին հետաքրքրում էր կողոպուտ-թալանը, իրենց գերդաստանների շահը: Ռամիկ այդ երկուսը այդպես էլ չհասկացան, որ արքայական պատմուճանն իրենց վրայով չի ձևած... Նրանց քսան տարիներին մեր երկրից հեռացան հարյուր հազարավոր հայեր (Հեյդարը գրեթե նույն մեթոդներով դատարկեց Նախիջևանը):
-Հայրենի հողից կտրված ժողովուրդը նույնն է, ինչ փուչիկը օդում,- ասել է Շոպենհաուերը:
Խեղճ փիլիսոփան 19-րդ դարում հո չէր գուշակելու, որ հայերի պարագայում դա ավելի ցավագին է լինելու. ուղեղների արտահոսք…

Իշխանության անօրեն յուրացումը, ուզուրպացիան սրանք որոշել էին իրագործել նաև 2018-ին. սահմանադրություն էին ձևել այդ նպատակով:

Արդեն գիտենք. նախ ձախողվեց «պստիկ պապան», ապա իրենց հոգեորդին՝ «ժիլետը»: Որքան էլ «տղերք» բերեցին Հայաստանի վրա: Վասալական մաշված մեթոդը չաշխատեց: «Վոինը» հոխորտաց դրսից՝ իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու հանձնես ուրիշի:
Ճակատագրական այդ պահին, սակայն, Հայաստանի գորշ երկնակամարն արդեն շանթել էր երիտասարդության ազատատենչ հզոր Ձայնը:
-Պատմաբանները նման են ամպերի մեջ առյուծներ փնտրող մարդկանց, -ասել է մի իմաստուն:
Գուցե ոչ հիմա, պատմաբանները Նիկոլի կատարած Քայլը կանվանեն հայոց նորագույն պատմության առանցքային էջը: Շարժումը (կամ հեղափոխությունը, ինչպես կուզեք) հային «շղթայազերծեց» քսանամյա նսեմացնող վիճակից: Եվ վերադարձրեց ամենաթանկագինը՝ ազգային արժանապատվությունը:

Ժողովուրդների ազգային խորհրդանիշները, ըստ Է. Կանետտիի, այսպիսին են. անգլիացու համար ծովն է, գերմանացունը՝ բանակը, իսպանացունը՝ ցլամարտը, հրեայինը՝ թափառիկությունը և այլն:

Միշտ տխրալիորեն մտածել եմ, որ մերն աստանդական ցուպն է (ղարիբ մշեցի): Թեպետ նաև ուրախացել եմ՝ զուգահեռելով, որ ամեն մի հայ ծնվում է Արարատի սուրբ պատկերը ներսում:

Նիկոլի գլխավորած հեղափոխությունը Սիրո և Համերաշխության ջահ է նաև անտեսանելի զանգվածների, իմա՝ ապագա սերնդի համար:
Փոխակերպության իսկական ժամանակներ են, Նոր Հայաստան կերտելու ժամանակը: Այս համազգային շարժման ամենամեծ «դասը» սա է` հայությունը սոսկ համախոս զանգված չէ, այլ Ոգու միասնությամբ կերտված ազատատենչ ժողովուրդ: Ուստի չարակամներն ու չարախոսները, տաքգլուխ պոլիտիկանները իրենց սիրողական ծաղրանք-ելույթներով, քաղաքական տիրացիությամբ ցիտատաբանելով, ի զորու չեն ստվերել բավանդակ հայության զարթոնքը: Խորհուրդ նրանց. կեղծ ժողովրդական ժողովրդավարություն խաղալու փոխարեն միացեք համազգային հաղթարշավին: Գոնե հանուն ձեր երեխաների:

Հակոբ ՄԱՐՏՈՒՆԻ