Արմավիրի մարզի Արևիկ գյուղում բացվել է 2016թ. սեպտեմբերի 25-ին հակառակորդի արձակած գնդակից զոհված Սևակ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար։ Արմավիրի մարզպետարանի փոխանցմամբ՝ խաչքարն օծվել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանն ապրիլյան քառօրյայի մասնակից էր, գերազանց ծառայության և Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար 2017թ. հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալնեով։

«Փառք Քեզ, հայորդի, փառապանծ Սևակ,
Հայոց աշխարհի անձնուրաց զինվոր,
Սրբազան ուխտով դարձար նահատակ,
Թող արծիվ հոգիդ ճախրի դարերով…»,
-գրությամբ հուշարձան-խաչքարի նախաձեռնությունը եղել է Խաչատրյանների ընտանիքինը, որը հեղինակել է Սամվել Սարգսյանը:

Սևակի հիշատակը խորհրդանշող հուշարձան-խաչքարի բացման պատիվը վերապահվել է մարզպետ Գագիկ Միրիջանյանին, նրա հրամանատար Զավեն Հունանյանին և եղբորը` Սերյոժա Խաչատրյանին:

Առաջին կուրսից բանակ զորակոչված Սևակին առաջարկել էին ծառայել Պատվո պահակախմբում, սակայն հրաժարվել է և կամավոր մեկնել էր Արցախ՝ առաջնագիծ, որտեղ էր նաև եղբայրը։

Գագիկ Միրիջանյանը շնորհակալություն հայտնելով Խաչատրյանների ընտանիքին հայ ժողովրդին նման որդի պարգևելու համար՝ նշել է, որ նորանկախ Հայաստանում հերոս տղաների հիշատակին նվիրված հուշարձանների բացման կարևոր ավանդույթը խորհրդանշում է նրանց վերածնունդը: «Բոլորս մեծ պարտք և պատասխանատվություն ունենք Սևակի և այն հերոս տղաների հիշատակի առաջ, որոնք մեզ պարգևել են այս իրականությունը», -ասել է մարզպետը: