«Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ֆուտբոլիստներին ասել է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան այլևս երբեք խաղադաշտ չի մտնի ավագի թևկապով՝ այս մասին տեղեկացնում է The Times-ը: Պորտուգալացին դժգոհ է մնացել «Վուլվերհեմպտոնի» հետ երկրի առաջնության խաղից հետո Պոգբայի քննադատությունից. «Պոգբան իրեն ավագի դերում չի պահում ու չի ապացուցում, որ «Մանչեստր Յունայթեդը» վեր է ցանկացած խաղացողից»:

Մոուրինիո-Պոգբա տարաձայնությունները դեռևս նախորդ ամսից են գալիս: Ֆրանսիացին դժգոհ էր մնացել մարզիչ այն ասածից, որ ֆուտբոլիստն աշխարհի առաջնությունում ավելի լավ է խաղացել, քան անցած մրցաշրջանում «Մանչեստր Յունայթեդի» կազմում: Դրանից հետո է, որ Պոգբան սկսել է լրջորեն մտածել անգլիական ակումբից հեռանալու մասին: Այս իրավիճակից, ասում են, պատրաստվում է առավելագույն օգտվել «Բարսելոնը»: Կատալոնյան ակումբը կաշխատի օգտվել եթե ոչ այս ձմեռային, ապա 2019-ի ամառային տրանսֆերային պատուհանից: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի կազմում Պոգբան դարձավ աշխարհի չեմպիոն: Խորվաթիայի հավաքականի հետ եզրափակիչ խաղում նա աչքի է ընկել խփած գոլով: