ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթներիհանրապետական փուլը, որին այս տարի մասնակցում է 32 մանկավարժ` Հայաստանի Հանրապետության 9 մարզերից, Երևանից և Կրթության և գիտության նախարարությանենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններից:

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով տեղակալների գլխավորությամբ. ստեղծվել են մրցութային հանձնաժողովներ: «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովը գլխավորում է Արևիկ Անափիոսյանը, «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթինը՝ Լուսինե Առաքելյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթինը` Հովհաննես Հովհաննիսյանը: Հանձնաժողովների կազմերում ընդգրկված են ոլորտի մասնագետներ, նշված մրցույթների նախորդ տարիների հաղթողներ, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ:

Մրցույթների ամփոփումից հետո հանձնաժողովները փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ կընտրեն հաղթողներին: Գործող կարգի համաձայն` «Տարվա լավագույն ուսուցիչը», «Տարվա լավագույն դաստիարակը» և «Տարվա լավագույն տնօրենը» կպարգևատրվեն ՀՀ վարչապետի կողմից:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթն անցկացվում է 3 փուլով՝ ներդպրոցական, մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական: 1-ին փուլն անցկացվում է ուսումնական հաստատություններում` սեպտեմբերից-մարտ ընկած ժամանակահատվածում: Ուսումնական հաստատությունում լավագույնը ճանաչված ուսուցիչը իրավունք էստանում մասնակցելու 2-րդ փուլին, որը սկսվում է ապրիլի 1-ին, արդյունքներն ամփոփվում են մինչև մայիսի 20-ը: 2-րդ փուլն անցկացնում են ՀՀ մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված գնահատող հանձնաժողովները (առնվազն 5 անդամ), որոնց կազմում ընդգրկվում են մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ: ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության ուսումնականհաստատությունների, ոչ պետական դպրոցների համար մրցույթի 2-րդ փուլը կազմակերպում և անցկացնում է նախարարությունը: Այս փուլն ընդգրկում է կլոր սեղան-հանդիպում, բաց դասերի կազմակերպում, վարպետաց դասերի անցկացում: 2-րդ փուլի հաղթողների տվյալները մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ներկայացվում է նախարարություն` հանրապետական փուլին մասնակցելու համար: Հանրապետական փուլն անցկացվում է կլոր սեղան-բանավեճի ձևաչափով` գնահատող հանձնաժողովի կողմից առաջադրված թեմայի շուրջ:

Հանրապետական փուլի մասնակից ուսուցիչներից ընտրվում են նաև հաղթողներ «Նվիրում երեխաներին», «Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ», «Ազատությունը և ժողովրդավարական արժեքները կրթության մեջ» անվանակարգերում։

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հանրապետական փուլի մասնակիցներից ընտրվում են հաղթողներ «Նորարարությունը մանկավարժության մեջ», «Սիրտս նվիրում եմ երեխաներին», «Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հագեցնելու համար» անվանակարգերում:

«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթն անցկացվում է 2 փուլով՝ մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական` նույն կարգի համաձայն:

«Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթների հանրապետական փուլն ամփոփվում է մինչև սեպտեմբերի 25-ը: Հաղթողները նույն մրցույթին կրկին կարող են մասնակցել 5 տարի անց:

Նշենք, որ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները կազմակերպվում են սկսած 2000 թվականից: