Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ՝ ՀՅԴ ԳՄ հայտարարության «անալիզն» ու «էպիկրիզը»:

Հայրենակիցնե՛ր (հաջա՜ն),

Համաժողովրդական շարժումով պայմանավորված (բա էդ շարժմանը դուք ինչո՞ւ չէիք մասնակցում, Համաժողովրդական էդ շարժման ժամանակ ինչո՞ւ տեղից հեչ չէիք շարժվում, իսկ հիմա, խնդրե՛մ, մեծատառով եք էդ շարժման անունն արդեն գրում) ներքաղաքական նոր իրողություններն իրենց ազդեցությունը թողեցին Երևանի ավագանու ընտրությունների թե՛ քարոզարշավի և թե՛ արդյունքների վրա։ (Ներքաղաքական իրողությունն այն է, որ ՀՅԴ-ն արդեն քաղաքական ուժ չէ, քանզի անհարմար է, որ «մեկ ամբողջ» տոկոս ստացած «ուժը» «մեկ ամբողջ» հայ ժողովուրդ ներկայացնի):

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բարձր վարկանիշը և նրա անմիջական մասնակցությունը քարոզարշավին, ըստ էության, վճռորոշ նշանակություն ունեցան և կանխորոշեցին սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները։ (Հեչ մի՛ նախանձեք. ձեր «վարկանիշն» ու ձեր մասնակցությունն է՛լ շատ վճռորոշ նշանակություն ունեցան ու կանխորոշեցին ընտրությունների արդյունքները. ժողովուրդը ձեզ «1» նշանակեց, ավանսով՝ «երկուսից հանած». դուք ընկաք…«լիկվիդ»):

Հարկ ենք համարում միաժամանակ փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում (ի տարբերություն ձեր իշխանավարման տարիների, երբ այդպես էլ նման ազատ ու արդար բան չտեսանք) և ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքի անվերապահ արտահայտությունն են (էդ այն նույն կամքն է, որը ժամանակին 5-10 հազար դրամով ճնշում, մարդկանց իրենց սեփական աչքից գցել էիք տալիս)։ Ընդունելով ընտրությունների արդյունքները և հաղթանակի կապակցությամբ (սրտներից արյուն կաթելով) շնորհավորելով «Իմ քայլը» դաշինքին (էս ի՜նչ հոյակապ կեղծավորություն էր, թե Հայկինը «քայլ» էր, ձե՜ր էս ասածը, համեմատած երեկ չէ մյուս օ՛րը ձեր ասածի հետ, արդեն «լո՜նք» է)՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել մեր բոլորի երազած (20 տարի է՝ դուք «երազում» եք ու 20 տարի է՝ «երազից» չեք զարթնում. էդ արդեն երա՛զ չէ, էդ արդեն կոմա՛ է) Երևանը իրականություն դարձնելու գործին: (Երևանցիներն այս առթիվ ձեզ մի աղերսանք ունեն. էլ մի՜ աջակցեք, ի՞նչ կըլնի: Դուք ինչքան աջակցում եք, էնքան մեր գործերը ձախողվում են: Մի՛ աջակցեք, պետք չէ: Գնացե՛ք՝ խաչակցե՛ք. գնացե՛ք, վանք մտեք, Աջը համբուրեք, Խաչը համբուրեք, մի հատ հիմնավո՜ր, լա՜վ ապաշխարեք) Ցանկացած հաղթանակ պարտավորեցնող է (պարտությունը նույպես պարտավորեցնող է, ու տվյալ ձեր պարտության պարտավորեցնելն էլ այն է, որ այսուհետև, մանդատը դնեք, գնաք, վանք մտնեք, ԱԺ նիստի տեղ պատարագ անեք), և այս առումով ուզում ենք հույս հայտնել, որ տպավորիչ հաղթանակ արձանագրած քաղաքական ուժը (մի գիշերվա մեջ էս ո՜նց «տպավորվեցիք», էս ի՜նչ ջիգյար բուսեց, ա՛յ անջիգյարներ, էրեկ չէ մյուս օրն ախր ուզում էիք՝ Նիկոլի տեղը ուրիշին ընտրեք) համարժեք պատասխանատվությամբ կմոտենա իրեն տրված մեծ վստահությանը։ (Եւ այս նույն առումով՝ մենք էլ մե՛ր հույսն ենք մեր կողմից հայտնում, որ պարտված ուժերը նույնպես համարժեք պատասխանատվությամբ կմոտենան իրենց չտրված անգամ շատ չնչին վստահությանը, փասափուսեքը կհավաքեն-կերթան):

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ