Իյա, իրո՞ք…

«Ազգային ժողովը հո խաղալիք չի՞, մսուր-մանկապարտեզ չի, Ազգային ժողովը Սահմանադրության լիազորություններով օժտված մարմին է»:
Էդուարդ Շարմազանով Աժ փոխնախագահ

Վերնագրի բառերով հարկավ կարձագանքեր Շարմազանովի տղայամտությանը նրա պարտագենոսեն, բայց դրանից Շարմազանովի տղայամտությունը ոչնչով չէր փոխվի, քանզի այն նրա երեսն է, իսկ դարձերեսը՝ թուլամտությունը: Եվ ահա սույն սուբյեկտը, անկախ սեփական կամքից, քողազերծում է Ազգային ժողովի ներկա իրական դեմքը, զի այն, այո՛, մսուր-մանկապարտեզ է, զի լի է ոչ միայն խաղալիքներով խաղացող, այլև խաղալիք պատգամավորներով: Զօրինակ… թվարկումները չանենք, բոլորն էլ բոլորիս աչքի առաջ են:

Իսկ Շարզամանովը սույն մսուր-մանկապարտեզի օրինապահ դայակն է, որն օրն ի բուն լվանում է յուր սաների տակաշորերը, հետո սառը կակաո է ըմպում մսուր-մանկապարտեզի կաթնահոտ ճաշարանում՝ երանավետ թմբիրի մեջ երազելով, որ կրկին կգան հին ու բարի ժամանակներն, ու ՀՀԿ-ն դարձյալ քաղաքական, տնտեսական և երկրակողոպտման մեծաշնորհատերը կդառնա:

Սակայն հարցս այլ է: Եթե մինչև Ամանոր ՀՀԿ-ն հայտնվի պատմության հետնաբեմի ձախ լուսանցքում, ապա որտե՞ղ է աշխատանք գտնելու Էդուարդ Շ.-ն և արդյո՞ք հոգեպես պատրաստ է նա մտնել որևէ համատիրության նախագահի պաշտոնի ծանր բեռան տակ, թե՞ այսուհանդերձ մսուր-մանկապարտեզներից մեկում դայակի աշխատանքն ավելի գրավիչ կներկայանա հենց թեկուզ երբեմն առ երբեմն կակաո խմելու բաղձալի հեռանկարով:

Պարզաբանիր, պաղատում եմ…