Ընտրություններից անմիջապես հետո համացանցում շրջում ու շուրջն էր ապշեցնում «Օրինաց երկրի» տեսանյութը, որտեղ այդ կուսակցության որոշ ներկայացուցիչներ ընտրությունների ավարտից հետո, հավաքած լինելով ընդամենը մեկ տոկոս, հաղթանակ էին տոնում:

Մենք ևս, հետաքրքրված այդ զարմանալի իրադարձությամբ, գնացինք այդ «հաղթանակի» հետքերով:

Պարզվեց՝ էդ մարդիկ տեսնելով, որ իրենք հավաքել են 3948 ձայն ու էդ թիվը իրենց հավաքած տոկոսի տեղը դնելով՝ նախ, զարմանքից, որ աշխարհում էդքան տոկոս գոյություն ունի, ապա՝ ուրախությունից, որ էդ աննախադե՜պ, էդ «ռեկորդայի՜ն» տոկոսը հավաքողները հենց իրենք են, դրել, էդպես քեֆ էին անում, «հաղթանա՜կ» գոռում, հաղթանակ տոնում…

Ասում են՝ ահագին մասնագետ մարդիկ, օգնության ձեռք մեկնելով «Օրինաց երկրին», ահագին ջանքերի գնով, անշահախնդիր բացատրել են դրանց ու մի կերպ համոզել, որ էդքան մեծ տոկոս բնութան մեջ չի լինում, որ էդ 3948 -ն իրենց հավաքած ձայների քանա՛կն է ու որ էդ 3948 -ը կազմում է ձայների ընդամենը 1,09 %-ը, ու որ դժվար էդ հավաքած տոկոսով իրենք հաղթանակ տարած լինեն:

Ասում են նաև, որ անգամ «մասնագետների» բացատրությունից հետո «Օրինաց երկրի» որոշ ներկայացուցիչներ, մնալով իրենց նախկին մտքին, շարունակում էին իրենց հաղթանակը տոնել…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ