Նոր Զելանդիայի վարչապետ Ժասինդա Արդենը դարձել է պատմության մեջ առաջին կին ղեկավարը, ով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին ներկայացել է նորածին դստեր հետ, գրում է The Guardian-ը։

Երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովին, նախքան իր ելույթը, երեք ամսական փոքրիկին զբաղեցրել է հենց ինքը՝ Արդենը, իսկ ելույթի ընթացքում փոքրիկի հետ խաղում էր զուգընկերը՝ Քլարք Գեյֆորդը։

Հետաքրքրական է, որ Ժասիդա Արդենը դստեր՝ Նիվ Տե Արոհայի ծնվելուց վեց շաբաթ անց վերադարձել է աշխատանքի։ Վեհաժողովի՝ անակնկալի եկած մասնակիցներին ու լրագրողներին Արդենը պարզաբանել է, որ երեխայի հետ Նյու Յորք հասնելու պատճառը կրծքով կերակրելն է։

17 ժամ ինքնաթիռում անցկացրած փոքրիկի ներկայությունը մեծ զարմանք է պատճառել հատկապես ճապոնացի պատվիրակներին, ովքեր, հանդիպման սենյակ մտնելով, ականատես են եղել, թե ինչպես է վարչապետը փոխում երեխայի տակդիրը։

Հատկանշական է նաև, որ Նոր Զելադիայում մեկ շաբաթ առաջ փոփոխված կարգով թույլատրվում է, որ վարչապետը կամ նախարարներն արտասահմանյան գործողումների գնան դայակի ուղեկցությամբ՝ բյուջեի հաշվին, սակայն Արդենն այդ արտոնությունից չի օգտվել։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ և´ Գեյֆորդի՝ ամուսնու տոմսի գումարի, և´ այնտեղ կատարված բոլոր ծախսերի համար վճարելու է իր սեփական գրպանից: