Ադրբեջանի ղեկավարությունը սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները եթե դրանք մոտենան ադրբեջանական սահմանին այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Հայտարարությունում նրանք նշում են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը «հերթական սադրիչ գործողություններն է ձեռնարկել» և դա համարում են Լեռնային Ղարաբաղում ռազմական ավիացիայի ներգրավմամբ ուսումնական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ տեղեկությունը:

«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կփորձի մոտենալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների առաջատար դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: Հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», -նշված է այդ հայտարարությունում: