Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսի այսօրվա հյուրերի թվում նաև պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Ցուցասրահներում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ շրջայց կատարելով՝ վարչապետը համոզմունք է հայտնել՝ հայ-ամերիկյան մշակութային կապերը 2018թ. զգալի ամրապնդվել են։

«Այս տարի հայկական մշակույթը ներկայացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննախադեպ ձևով՝ մոտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը մեր ամերիկացի բարեկամներին: Այս տարի նշվում է ամերիկյան հողում հայկական ներկայության 400-ամյակը: 1618 թվականին առաջին հայը՝ Մարտին անունով, հասել է Վիրջինիայի ափերին և բնակություն հաստատել Ջեյմսթաունում: Այդ օրվանից ի վեր մեր հայրենակիցների ներկայությունն այս հողի վրա չի ընդհատվել, ինչպես և նրանց ներդրումն իրենց նոր հայրենիքի մշակույթի մեջ», -վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ ասել է Նիկոլ Փաշինյանը։

14 դարերի հայկական ժառանգության գլուխգործոցները ցուցահանդեսի այցելուներին ներկայացնող և դրանով Հայաստանի ու հայ ժողովրդի մասին իրազեկող «Արմենիա» ցուցահանդեսը դիտարկելով որպես ԱՄՆ-ում Հայաստանի մշակութային տարվա գագաթնակետ՝ վարչապետը մեծ պատիվ է համարել ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելը։

Հելեն Էվանսի և նրա գործընկերների ջանքերի շնորհիվ իրականություն դարձած ցուցահանդեսը, ՀՀ Կառավարության ղեկավարի խոսքով, շատերի համար երազանք էր, հիմա արդեն՝ իրականություն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Արմենիա» ցուցահանդեսին, որը կգործի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը, ներկայացված են Հայաստանի մշակութային ձեռքբերումները՝ քրիստոնեության ընդունումից մինչև 18-րդ դար։ Շուրջ 140 թանգարանային նմուշների զգալի մասը տարվել է Հայաստանից՝ մասնավորապես Պատմության թանգարանից, Մատենադարանից և Մայր Աթոռի թանգարաններից, մյուսները՝ Սփյուռքի տարբեր թանգարաններից։