Apple-ն ավարտել է Shazam բջջային հավելվածի ձեռքբերումը, որը գտնում է երաժշտության անունը, հաղորդում է RBC-ն:

«Երաժշտության եւ նորարարության հանդեպ մեծ սեր տածելով՝ մենք շատ ուրախ ենք միավորել մեր թիմերը, որպեսզի օգտատերերին ավելի շատ հնարավորություն ընձեռենք երաժշտությունը գտնելու եւ վայելելու համար», -ասում է «Apple Music»-ի փոխնախագահ Օլիվեր Շյուսերը:

Ընկերությունը նշել է, որ մոտ ապագայում հավելվածը կազատվի գովազդներից: «Shazam»-ը ներբեռնել է ավելի քան մեկ միլիարդ մարդ, այն օրական «թերթվում» է ավելի քան 20 միլիոն անգամ:

«Apple»-ն ավելի վաղ, դեռ 2017 թ. դեկտեմբերին էր հայտարարել «Shazam» բրիտանական ծառայությունը 401 մլն դոլարով գնելու մտադրության մասին: Նույն ամսվա ընթացքում արդեն փաստվում էր գործարքի կայացած լինելը:

2018թ. փետրվարին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ավստրիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Իսպանիայի եւ Շվեդիայի խնդրանքով, ԵՄ օրենսդրությանը համապատասխան, կգնահատի հայտը: Նրա կարծիքով, գործարքը կարող էր բացասական ազդեցություն ունենալ մրցակցության վրա: Աուդիտի արդյունքում Եվրահանձնաժողովը հաստատեց «Apple»-ի կողմից «Shazam»-ի ձեռքբերումը: